.jpg)
Պատգամավոր. 1 տարում էլեկտրաէներգիայի մոտ 40%-ով թանկացումը անթույլատրելի է
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ֆինանսական խնդիրները չպետք է լուծվեն բնակչության և տնտեսվարող սուբյեկտների հաշվին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի մոտ 40%-ով թանկացումը անթույլատրելի է:
«Երբ նախորդ տարվա հուլիսին էլեկտրաէներգիան թանկացավ ավելի քան 25%-ով, դա բացատրվեց գազի թանկացմամբ, և այժմ սպասվում է 10%-ով թանկացում: Սա անընդունելի է, բայց ՀԷՑ-ը այսօր գրեթե սնանկ է, նրա ակտիվները կազմում են շուրջ 250 մլն դոլար, իսկ պարտավորությունները 240 մլն-ից ավելի են»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանը ասաց, որ երկուշաբթի ԱԺ քառօրյային էլեկտրաէներգիայի թանկացման հարցը կբարձրացվի:
«ՀԷՑ-ը սովորաբար պետք է ձեռք բերի ամենաէժան էլեկտրաէներգիան, այսինքն՝ ատոմակայանի արտադրանքը, ապա՝ ՀԷԿ-երի արտադրանքը, և վերջում ՋԷԿ-ի: Անցած տարի ատոմակայանը 4 ամիս կանգնեց պլանային ստուգումների և քանի որ տարին ջրառատ չէր, ՀԷԿ-երի արտադրանքը շատ չէր, ստիպված գնել է ամենաթանկ արտադրանքը՝ ՋԷԿ-երի արտադրած էներգիան»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ սրա պատճառով ՀԷՑ-ի վիճակն այնքան վատացավ, որ ՀԾԿ-ն հայտարարեց, որ անհրաժեշտ է 20 մլրդ դրամ, և եթե տարեկան արտադրվող 7 մլրդ կիլովատ էներգիան բազմապատկենք իրենց առաջարկած լրացուցիչ 4 դրամով, ապա կստանանք իրենց պահանջած գումարը:
Մ. Մելքումյանը առաջարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ստուգել էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների շահույթները: