Ն.Գալստյան. Անձի փոփոխությամբ դրական գործընթաց ակնկալելը անհեռատեսություն է
07/06/2014 16:23

Ն.Գալստյան. Անձի փոփոխությամբ դրական գործընթաց ակնկալելը անհեռատեսություն է

ՍԴՀԿ-ն ընդդիմադիր է, գործելու է ընդդիմադիր դիրքերից: ՍԴՀԿ հավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ր դիրքերից է հանդես գալու կառույցը:

«Մենք հրապարակային ենք գործել և գործելու, մենք ընդդիմադիր ենք, կողմնակից` օր առաջ համակարգային փոփոխությունների: Համոզված ենք, որ անձի փոփոխությամբ դրական գործընթացներ ոչ միայն չի կարելի ակնկալել, այլ նաև դա քաղաքական անհեռատեսություն է»,- ասաց նա` ավելացնելով, որ երկրում միայն ու միայն համակարգային փոփոխությունների պարագայում կարելի է ակնկալել դրական առաջընթաց:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների հարցին, ապա ՍԴՀԿ ատենապետն ասաց, որ փաթեթը դեռ քննարկման փուլում է, վերջնական ուսումնասիրության արդյունքում կուսակցությունը մասնագիտական հայտարարությամբ հանդես կգա. «Բայց մենք խորհրդարանական հանրապետության և կառավարման կողմնակից ենք, քանի որ միայն դրա կառավարումը կարող է երկրում բերել դրական փոփոխությունների»:

Ի պատասխան հարցի, թե իր ելույթում անդրադարձավ օլիգարխիայի դեմ պայքարին, որի մասին բազմիցս խոսել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատրա՞ստ է ՍԴՀԿ-ն համագործակցել նոր վարչապետի հետ, Ն. Գալստյանն ասաց, որ իրենք դեմ կամ կողմ չեն որևէ քաղաքական ուժի կամ անձի հետ համագործակցելուն:

«Համագործակցությանն անձի տեսանկյունից չենք մոտենում, իսկ թե նա կողմ է օլիգարխիայի դեմ պայքարին, դրա լավագույն վկայությունը կարող է լինել ժողովրդի և հասարակության կարծիքը»,- ասաց Ն. Գալստյանը` կոչ անելով սպասել մինչև կլրանա վարչապետի և կառավարության 100 օրը. «Առարկայական քայլեր սպասել այդ 100 օրվա ընթացքում մի փոքր նաիվ է, համենայնդեպս` պետական կառավարման համակարգից օլիգարխիայի հեռացման նախադրայլներ այս պահին դեռ չկան»:

Նախորդող հրապարակում՝ ՍԴՀԿ-ն պահանջում է պետական ապարատի ուռճացված ծախսերի կտրուկ նվազեցում
 

Ն.Գալստյան. Անձի փոփոխությամբ դրական գործընթաց ակնկալելը անհեռատեսություն է