.jpg)
ՍԴՀԿ ատենապետ. Փոքր և միջին բիզնեսի նկատմամբ պետք է հարկային համաներում
Ամեն երկու-երեք ամիսը մեկ մեր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնում հնչում են հայհոյանքներ, վիրավորանքներ: Այս ամենի հետևում կանգնած են մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ. ՍԴՀԿ համոզմունքն է, որ միայն ու միայն խորհրդարանական համակարգն է կարող երկրում հաստատել քաղաքական կայուն համակարգ: Այս մասին ՍԴՀԿ հավաքի ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:
Օլիգարխիան, նրա խոսքով, կաթվածահար է արել պետական ողջ համակարգը, այդ իսկ պատճառով օլիգարխներին պետք է հեռացնել. «Մեր օլիգարխները չեն կարող և չեն էլ ցանկանում ստորադասել իրենց բիզնես շահերը պետական շահերից: Ուստի զբաղվում են սեփական բիզնեսի զարգացմամբ` ի հեճուկս փոքր և միջին բիզնեսի զարգացման:
Դիմելով իշխանություններին` նա հարց տվեց. «Ի՞նչ է խանգարում Ձեզ, պարոնայք, այս ծանր ու ճգնաժամային օրերին, երբ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են տիրում, իսկ արտագաղթը դարձել է ուղղակի ազգային աղետ, հայտարարել հարկային համաներում: Սակայն հարկային համաներումը պետք է վերաբերի միայն ու միայն փոքր և միջին բիզնեսին, քանի որ օլիգարխիան չափազանց շատ է հարստացել` ևս մեկ արտոնություն ստանալու համար»,- ասաց նա` ավելացնելով, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը պետք է լինի առարկայական:
Ն. Գալստյանն անդրադարձավ նաև Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն` ասելով, որ ՍԴՀԿ-ն դեմ չէ այդ անդամակցությանը, բայց այն պետք է լինի արժանապատիվ, հավասար պայմաններով. «Մենք որևէ գերտերության ստրուկը չենք` լինի դա ռուսական արջը, թե, այսպես կոչված, քեռի Սէմը: Որքան բարձր կեցվածք դու ունես միջազգային բանակցությունների ժամանակ, որքան պահում ես քո շահը ու պայմաններ թելադրում, այնքան քեզ ավելի են հարգում»,- ասաց նա` հավելելով, որ իրենք մերժում են վասալային վերաբերմունքը: