«Երկրորդ երեխայիս ծնունդին ավելի պատրաստ եմ». Աբել Աբելյան
09/06/2014 19:07

«Երկրորդ երեխայիս ծնունդին ավելի պատրաստ եմ». Աբել Աբելյան

«Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» հեռուստասերիալներից հայ հանրությանն առավել հայտնի դարձած դերասան, «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիայի» հիմնադիր Աբել Աբելյանը նշում է, որ թեև ինքը ֆիլմերի համար թանկ հոնորարներ պահանջող դերասանի անուն ունի, այնուամենայնիվ, իր համար կարևոր է ասելիքով կերպար կերտելն ու հաջող ստեղծագործական թիմի հետ աշխատելը: Life.panorama.am-ը դերասանի հետ զրուցել է երկարատև սերիալներից հրաժարվելու, ֆիլմերում նկարահանվելու մասին: Ի դեպ, արդեն փորձառու հայրիկը մեզ հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերին ծնվելու է իր երկրորդ զավակը:

-Մի առիթով նշել եք, որ կգա ժամանակ, երբ բազում մասերից բաղկացած սերիալներն իրենց տեղը կզիջեն կարճ տևողությամբ ֆիլմերին. արդեն զգու՞մ եք այդ տենդենցը:

-Այո, այդ միտումն արդեն նկատելի է: Այժմ ավելի շատ են նկարահանվում 60,40 մասանոց սերիալներ: Համաշխարհային շուկայում տարածում ունեն հատկապես 4 մասից բաղկացած սերիալները:

-Դուք, կարծես, այլևս չեք նկարահանվում երկար ձգձգվող սերիալներում, այո՞:

-Այո, դրանք վտանգավոր են դերասանի համար: Այդ սերիալները սպառում են կերպարը, բացի այդ՝ շատ ժամանակ են խլում նրանից:

 

-Չե՞ք կարծում, որ ձեր հիմնադրած ստուդիայի սաները սերիալներից բացի՝ դրսևորվելու այլ ասպարեզ չունեն:

-Համաձայն չեմ. մենք մեր դերասաններին տրամադրում ենք լսարաններ, համապատասխան տեխնիկա: Ստեղծագործական խմբեր են հավաքվում, թիմային աշխատանքներ են անում, այնպես որ, դրսևորվելու առիթ ունենում են:

-Կա՞ մի ֆիլմ, որի շրջանակներում պատրաստվում եք հանդես գալ:

-Այո, այդպիսի առաջարկ ունեմ. հիմա ծանոթանում եմ սցենարին:

-Ի՞նչ սկզբունքով եք ընտրում՝ որ ֆիլմում հանդես գաք, որում՝ ոչ:

-Թեև ես ֆիլմերի համար թանկ հոնորարներ պահանջող դերասանի անուն ունեմ, այնուամենայնիվ, ինձ համար առաջին հերթին կարևոր է, որ կերպարը, որին կերտում եմ՝ լավը լինի, ասելիք ունենա: Բացի այդ՝ ինձ հետաքրքրում է, թե ինչ թիմ է աշխատում տվյալ ֆիլմի շրջանակներում:

-Ձեր կինը ևս դերասանուհի է. նա չի՞ պատրաստվում կրկին երևալ էկրաններին:

-Շուտով ծնվելու է մեր երկրորդ երեխան, հետևաբար, նա դեռևս չի կարողանա իր կարիերայով զբաղվել, բայց երբ փոքրիկները մի քիչ մեծանան, այդ ժամանակ ինքն էլ կմտածի աշխատելու մասին:

 

-Իսկ ե՞րբ է լույս աշխարհ գալու ձեր բալիկը:

-Սեպտեմբերին:

-Սեռն արդեն հայտնի՞ է:

-Այո, տղա է:

-Երկրորդ տղայի լույս աշխարհ գալուն հոգեբանորեն պատրա՞ստ եք:

-Առաջին երեխայի ծնունդն ինձ համար հաճելի շոկ էր, հիմա արդեն ամեն բան գիտեմ երեխայի մասին, այն, ինչ պետք է անել, երբ նա ճչում է, կամ՝ երբ տակը թրջում է (ծիծաղում է): Այնպես որ, հիմա երկրորդ երեխայիս ծնունդին ավելի պատրաստ եմ: