.jpg)
500 հազար դրամ տուգանք՝ գիշերային ակումբի պարուհիներին ծեծելու համար
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակել Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Հայրապետյանին՝ գիշերային ակումբում հայհոյելու և պարուհիներին ծեծի ենթարկելու համար: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրանքի՝ նա 2013 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 03:30-ի սահմաններում, քննությամբ չպարզված երկու անձանց հետ, գտնվելով Ջրվեժ-Գառնի խճուղի 1 հասցեում գործող «Матрёшка» գիշերային ակումբում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում «պրիվատ» առանձնասենյակում առանձնանալով նույն ակումբի մերկապարուհի, Կոտ Դը Իվուարի Հանրապետության քաղաքացի Օլգա Ֆլորիայի հետ, առաջարկել է նրան իր հետ ունենալ սեռական հարաբերություն, սակայն վերջինս, մերժելով Արմեն Հայրապետյանի առաջարկը, դուրս է եկել առանձնասենյակից:
Մերժում ստանալով` Արմեն Հայրապետյանը զայրացած մոտեցել է ակումբի սրահի բարի մոտ գտնվող Օլգա Ֆլորիային, ապտակել նրան, ապա իրեն միացած երկու անձանց հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ակումբում գտնվող հաճախորդների և ակումբի աշխատակիցների նկատմամբ, տվել են հայհոյանքներ, շուրջ 10 րոպե տևողությամբ ծեծի են ենթարկել Օլգա Ֆլորիային և վերջինիս առողջությանը պատճառել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այնուհետև ակումբի անվտանգության աշխատակիցները Արմեն Հայրապետյանին և մյուսներին դուրս են հանել ակումբից, իսկ Օլգա Ֆլորիան հեռացել է և թաքնվել նույն ակումբի մերկապարուհիների բնակության վայր հանդիսացող բնակարանում:
Արմեն Հայրապետյանը նշված երկու անձանց հետ հետապնդել է Օլգա Ֆլորիային, նույն հասցեի մուտքի մոտ հանդիպել է:
«Матрёшка» ակումբի մերկապարուհի Անժելա Ժիռնովային, որից չստանալով Օլգա Ֆլորիայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` շարունակել է խուլիգանական գործողությունները. շուրջ 10 րոպե տևողությամբ հայհոյանքներ է Անժելա Ժիռնովայի և Օլգա Ֆլորիայի հասցեին, միաժամանակ բռնություն գործադրելով` Անժելա Ժիռնովայի մազերից քաշելով, հարվածներ է հասցրել վերջինիս և նրա առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իսկ Արմեն Հայրապետյանի հետ եկած ոմն Գոռը ծեծի է ենթարկել ՙМатрёшка՚ ակումբի մերկապարուհի Իրինա Կոտյանսկային:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Ա. Հայրապետյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտնել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը Ա. Հայրապետյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով` 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: