.jpg)
Կնոջը սպանելու համար աղանդավորը դատապարտվել է 11 տարվա ազատազարկման
Արմավիր մաարզի ընդհանուր իրավասության դատարանը 11 տարվա ազատազարկման է դատապարել կնոջը սպանած 37-ամյա Արսեն Առաքելյանին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նյութերի համաձայն` հիմնական աշխատանք չունենալու պատճառով Արսեն Առաքելյանը զբաղվել է հողագործությամբ և գունավոր մետաղների հավաքմամբ և դրանց վաճառքով։ Երկու-երեք տարի առաջ, վերջինս հաճախել է «Հիսուննականներ» կոչվող աղանդավորական խմբակի հավաքներին, ինչի հետևանքով նրա մոտ սկսվել է վախի զգացում, աչքին աստղիկների տեսքով շարժվող տեսիլքներ են երևացել։ Այդ պատճառով Ա. Առաքելյանը բուժման համար, դիմել է Վաղարշապատի հոգեթերապևտիկ բաժանմունք և ստացել բուժում։ Արսեն Առաքելյանի և վերջինիս կնոջ` Լուսինե Դավթյանի միջև պարբերաբար, կենցաղային հարցերի շուրջ, վիճաբանություններ են ծագել, որոնց ժամանակ Արսեն Առաքելյանը, երեխաների ներկայությամբ, հարվածել է կնոջը` Լուսինե Դավթյանին։ Հերթական վիճաբանությունը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 26-ին, որի ժամանակ Արսեն Առաքելյանը ծեծի է ենթարկել կնոջը և վերջինիս պաշտպանող դստերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ։ Այնուհետև, Լուսինե Դավթյանն, իրեն և դստերը ծեծի ենթարկելու վերաբերյալ, հաղորդում է տվել ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Արսեն Առաքելյանի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է` դիմողների բողոքի բացակայության հիմքով։
Եղբոր ընտանեկան անհաշտ մթնոլորտի մասին տեղեկացել է Արտակ Առաքելյանը, որը եղբոր ընտանիքը հաշտեցնելու նպատակով, 2013 թվականի օգոստոսի 5-ին վերադարձել է Հայաստան, այնուհետև` իր մայր Սեդա Վաղարշակի Սարգսյանի, կնոջ հետ, գնացել են Լուսինե Դավթյանի հայրական տուն, որտեղ վերջինս գտնվել է երեխաների հետ։ Լուսինե Դավթյանի և Արսեն Առաքելյանի հարաբերությունների շուրջ զրուցելուց հետո, այնտեղ են կանչել Արսեն Առաքելյանին, որը մինչ այդ, նույն օրն իր հետ աներոջ տանից տարել է որդուն` Արման Առաքելյանին։ Արսեն Առաքելյանի` աներոջ տուն գնալուց հետո, զրույցը շարունակվել է, և այդ ընթացքում Լուսինե Դավթյանն ամուսնուն միանալու հարցի շուրջ խնդրել է իրեն ժամանակ տալ։ Դրանից հետո, երբ Արսեն Առաքելյանն աներոջ` Ռուբեն Դավթյանի տանից դուրս է եկել, որին հետևել են վերջինիս հարազատները, Արտակ Առաքելյանը խնդրել է Լուսինե Դավթյանին հաջորդ օրը գնալ իր տուն` նրա և եղբոր հարաբերությունների շուրջ զրուցելու համար։ Լուսինե Դավթյանը համաձայնել է։
Հաջորդ օրը` 2013 թվականի օգոստոսի 6-ին, առավոտյան, Լուսինե Դավթյանը, դստեր հետ, գնացել են Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գտնվող իրենց տնակի մոտ, և համոզվելով, որ ամուսինը տանը չէ, իրենց մոտ գտնվող բանալիով բացել են տնակի դուռը, այնտեղից վերցրել են իրենց հագուստները, որից հետո գնացել են Արտակ Առաքելյանի` Մուսալեռ գյուղում գտնվող տան մոտ, որտեղ վերջիններիս դիմավորել են Արտակ Առաքելյանը և Արսեն Առաքելյանը, հագուստները տեղափոխել են տուն։
Արսեն Առաքելյանը, մտածելով, որ կինը որոշել է վերադառնալ իր մոտ, նախօրոք տանից վերցրած վարդագույն բռնակով դանակը թողել է տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի մեջ շարված վառելափայտերի մեջ։ Այնուհետև մտել են տուն, որտեղ գտնվել է Արտակ Առաքելյանի կինըև Արման Առաքելյանը։
Քիչ անց Արսեն Առաքելյանի և Լուսինե Դավթյանի հարաբերությունների շուրջ խոսակցություն է սկսվել, որի ընթացքում Լուսինե Դավթյանը և Արսեն Առաքելյանն ընդհանուր լեզու չգտնելով, իրար հետ վիճել են և Լուսինե Դավթյանը որոշել է գնալ, սակայն Արսեն Առաքելյանը չի թողել, որ Լուսինե Դավթյանը գնա հայրական տուն։ Այնուհետև, կրկին նախասրահում սկսված խոսակցության ժամանակ, Լուսինե Դավթյանը մեկ ամիս ժամանակ է խնդրել` Արսենին միանալու շուրջ մտածելու համար։ Սակայն, այդ ժամանակ, Արսեն Առաքելյանն ասել է, որ այդ ժամանակահատվածում իր զոքանչը կփոխի կնոջը և նա իրեն կդավաճանի։ Մի քանի անգամ այդ արտահայտությունն անելուց հետո, Լուսինե Դավթյանը հայտնել է, որ եթե այդպես է մտածում` ուրեմն նրան իսկականից կդավաճանի։ Այդ ընթացքում, Արսեն Առաքելյանը հասկանալով, որ կինը որոշել է իրենից հեռանալ, տանից դուրս է եկել, ավտոտնակից վերցրել է մինչ այդ այնտեղ թողած խոհանոցային դանակը և նորից մտել է տուն։
Այնուհետև, տան նախասրահում գտնվելու ժամանակ, Արսեն Առաքելյանը Լուսինե Դավթյանին առաջարկել է առանձնանալ և խոսել, ապա շարժվել է հյուրասենյակի վերջնամասի աջ կողմում գտնվող սրբապատկերներով ննջասենյակի ուղղությամբ, որին անձայն հետևել է Լուսինե Դավթյանը։ Ննջասենյակ մտնելուց հետո դուռը ծածկել են, նստել են մահճակալի վրա և զրուցել, որի ընթացքում Լուսինե Դավթյանը վճռականորեն չի համաձայնվել Արսեն Առաքելյանի` իրենց միանալու խնդրանքին, ասելով, որ Արսեն Առաքելյանը նախկինում է եղել իր ամուսինը, իսկ հիմա ինքն ազատ լինելով, կարող է տնօրինել իր ճակատագիրը, ինչ ուզենա` այն կարող է անել, և Արսեն Առաքելյանը չի կարող խանգարել իրեն։ Այնուհետև փորձել է սենյակից դուրս գալ, սակայն Արսեն Առաքելյանը չի թողել վերջինիս սենյակից դուրս գալ, Լուսինե Դավթյանը հրել է Արսեն Առաքելյանին, սակայն Արսեն Առաքելյանը տաբատի աջ գրպանից հանելով խոհանոցային դանակը, ասել է, որպեսզի սթափվի և չհեռանա իրենից։
Սակայն, Ա. Առաքելյանը հավաստիանալով կնոջ որոշման մեջ, որ նա լքելու է իրեն, մոտեցել է նրան, դեմ տվել պատին և Լուսինե Դավթյանին սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի ձախ կեսին, որովայնի շրջանին, վերին վերջույթներին։ Լուսինե Դավթյանի ճչոցի ձայներից ննջասենյակ են մտել Կարապետ Սարգսյանն, Արտակ Առաքելյանը, Կ. Սարգսյանն Արսեն Առաքելյանին գրկելով գցել է մահճակալին, իսկ Արտակ Առաքելյանը տեսնելով եղբոր ձեռքի խոհանոցային դանակը, վերցրել է այն, տվել Սեդա Սարգսյանին։ Այդ ժամանակ Լուսինե Դավթյանն ասել է, որ իրեն դանակով հարվածել է Արսեն Առաքելյանը։ Դրանից հետո, Արսեն Առաքելյանը տանից դուրս գալով դիմել է փախուստի։ Լուսինե Դավթյանը, նույն օրը, ժամը 2300-ի սահմաններում, հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է։
Առաջադրված մեղադրանքում, Արսեն Առաքելյանն իրեն մեղավոր է ճանաչել և ասել, որ զղջացել է իր կատարածի համար։
Դատարանի դատավճռով ամբաստանյալ Արսեն Առաքելյանից, հօգուտ քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ռուբեն Դավթյանի, բռնագանձվել է 1.500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ՀՀ դրամ, որպես Լ. Դավթյանի հուղարկավորության, և դրա հետ կապված այլ ծախսերի` վնասի հատուցման գումար։