.jpg)
Եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ տա, հայ պատգամավորները կգնան Բաքու
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերի քննարկման ու քննադատության հիմնական թեման եղել է Ուկրաինան ու այդ համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը, թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում կարևորել է փոխհամաձայնությունների միջոցով հարցերի կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Շարունակելով խոսքը` Կ. Նահապետյանն ասաց, որ մանրամասն քննարկվել է նաև, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվում է փոփոխություններ մտցնել արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում. «Հաստատվել է 2014-16 թթ-ի համար անհատական գործողությունների նոր ծրագիր: Իսկ երկկողմ հարաբերություններում մենք տեսանք նաև ՀՀ Ազգային Ժողովի հետ հարաբերությունների խորացման միտում. Մեր պատվիրակները տարբեր առաջարկություններ են ներկայացրել և հուսանք, որ դրանք գոհունակությամբ կընկալվեն»:
Ասուլիսին մասնակից պատվիրակության մեկ այլ անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ իր հերթին ասաց, որ Հայաստանը պետք է աշխատի ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերությունների փոխշահավետ խորացման ուղղությամբ, ինչ վերաբերում է քննարկման հիմնական թեմային, ապա պատգամավորը նկատեց, որ որոշ ժամանակ առաջ այդ նույն ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, ովքեր այսօր քննադատություններով են աչքի ընկնում, դրվատանքով էին արտահայտվում ՌԴ հասցեին:
«Սա շահերի խնդրի մեջ է. Վաղը իրավիճակը կփոխվի` այլ կերպ կարտահայտվեն»,- ասաց նա:
Ի դեպ, հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է «Ռոուզ-Ռոուդ» սեմինարը, որի կապակցությամբ Կ.Նահապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցել դրա աշխատանքներին.
«Եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ տա, ապա մեր երկրից երկու պատվիրակ կմեկնի Բաքու: Մենք նաև հանդես ենք եկել առաջարկով, որ հաջորդ տարի «Ռոուզ-Ռոուդ» սեմինարն անցկացվի Երևանում»,- տեղեկացրեց պատվիրակության ղեկավարը:
Նշենք, որ ՆԱՏՕ վեհաժողովի նիստերն անցկացվել են մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում: