.jpg)
Պորոշենկոն հստակ ամրագրեց Ուկրաինայի եվրոպական ուղենիշը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր իր երդմնակալության արարողության ընթացքում հայտարարել է, որ ինքը ամեն ինչ անելու է երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու և Ղրիմը վերադարձնելու համար:
Պորոշենկոն, որպես նորընտիր նախագահ և Ուկրաինայի արտաքին քաղաքականության պատասխանատու, իր ելույթում նախանշել է երկրի զարգացման տեսլականը մոտակա տարիների համար:
Ուկրաինայի նախագահի ելույթի կարևորագույն շեշտադրումը վերաբերվում էր Ուկրաինայի եվրոպական ուղուն և ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի արդեն իսկ ստորագրված քաղաքական բաղադրիչից հետո նաև տնտեսական բաղադրիչի ստորագրման պատրաստակամությանը:
Կիևը վերջնական որոշում է կայացրել ինտեգրվել եվրոպական և հնարավորության դեպքում նաև եվրոատլանտյան կառույցներին՝ ՆԱՏՕ-ին, կամ Հյուսիսատլանտյան դաշինքի մաս կազմող երկրների հետ համատեղ պաշտպանության համաձայնագիր կնքել՝Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման համար:
Արտաքին ուղենիշներից բացի, Պորոշենկոն իր ելույթում անդրադարձել է նաև երկրի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակին և կոչ է արել զենքերը վայր դնել ու խաղաղություն հաստատել: Նորընտիր նախագահը չի ճանաչում Դոնբասի՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի այսօրվա, փաստացի իշխանությունների լեգիտիմությունը, ում հետ, նա չի պատրաստվում բանակցել:
Այսինքն, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչները օրենքից դուրս են հայտարարվում և փաստորեն նրանց հարող ուժերը կամ հայտնվելու են բանտում՝անջատողականության և ահաբեկչության մեջ մեղադրվելով, կամ ստիպված կհեռանան Ռուսաստան: Պորոշենկոն խոստացել է ապահովել նրանց համար միջանցք դեպի այդ երկիր:
Պորոշենկոյի երդմնակալության ելույթում նշվում է նաև այն մասին, որ Ուկրաինան շարունակելու է մնալ միատարր երկիր, այսինքն՝ այսօրվա իշխանությունները բացառում են դաշնայնացման հնարավորությունը, ինչի համար պայքարում են ուկրաինական բազմաթիվ շրջաններ և հատկապես ռուսախոս բնակչությունը:
Նա խոստանում է ավելի լայն լիազորություններ տրամադրել նրանց, այդ թվում ռուսերեն լեզվի օգտագործման առումով, սակայն շեշտում է, որ Ուկրաինայի միակ պետական լեզուն ուկրաիներենն է: Այս հայտարարությունը հստակ ազդակ է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հասնել Ուկրաինայի դաշնայնացման՝նրանք կանգնած են անջատողականության համար մեղադրվելու վտանգի առջև:
Ղրիմի հարցը նույնպես շարունակելու է մնալ նորընտիր նախագահի առաջնահերթությունը և այն անկյունաքարային հարցը, որի շուրջ անընդհատ սրվելու են ռուս-ուկրաինական հարաբերությունները: Ուկրաինան՝ Արևմուտքի աջակցությամբ փորձելու է վերազինել իր բանակը, ինչպես ժամանակին վերազինվում էր Վրաստանը՝ 2008 թ.-ին փորձ կատարելով զենքով հետ բերել Հարավային Օսիան, և փորձելու հետ բերել Ղրիմը բոլոր հնարավոր միջոցներով՝դիվանագիտականից մինչև ռազմական արկածախնդրություն:
Պորոշենկոյի ելույթի մեկ այլ կարևոր մեսիջ վերաբերվում էր Ուկրաինայում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը: Պորոշենկոն ձգտում է ապահովել և ամրապնդել իր իշխանությունը՝ ունենալով լոյալ խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն հակառուսական, ազգայնական ուժերը և այն քաղաքական թիմը, որը հավատարիմ կլինի Մայդանով իշխանության եկածներին:
Հավանաբար, նոր խորհրդարանի կազմում շատ քիչ ներկայացվածություն կունենա «Տարածաշրջանների կուսակցությունը», որը նախկինում առաջնորդվում էր Վիկտոր Յանուկովիչի կողմից, ինչպես նաև «Կոմունիստական կուսակցությունը»՝ հաշվի առնելով «Աջ սեկտորի» և ուկրաինական ծայրահեղականների հարձակումները «Կոմունիստական կուսակցության» գրասենյակների վրա և կուսակցության առաջնորդի տան հրկիզումը:
Խորհրդարանի ապագա կազմը հավանաբար կհամաձայնեցվի նաև Կիևի այսօրվա իշխանությունների գլխավոր հովանավորների՝ ԱՄՆ-ի և որոշ պարագաներում նաև ԵՄ-ի հետ:
Այսպիսով, Պորոշենկոյի ելույթը թույլ է տալիս ենթադրել, որ ռուս-ուկրաինական հարաբերություններում լարվածությունը պահպանվելու է ՝ Ղրիմի, հարավ-արևելյան շրջանների հարցում հակադիր կարծիքների, Պորոշենկոյի արևմտամետության և գազային խնդիրների հետ կապված Կիևի դիրքորոշումների պատճառով: