.jpg)
Վարդենիկի ավագ դպրոցի աշակերտները ազատ արձակվեցին
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ է արձակել Վարդենիկի ավագ դպրոցի աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանին, Աբրահամ Շահինյանին, Արկադի Պողոսյանին` պատիժը պայմանականորեն չկիրառելով և նրանց նկատմամբ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց նրանց պաշտպան Ալիկ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ փաստաբանը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել` պահանջելով ամբողջությամբ բեկանել և փոփոխել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ:
Ա. Ստեփանյանի խոսքով` ինքը մտադիր է Վճռաբեկ բողոք ներկայացնել, քանի որ պահանջում է արդարացնել տղաներին:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանը դպրոցի աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանին 1, իսկ Արկադի Պողոսյանին և Աբրահամ Շահինյանին 6 ամսվա ազատազարկման է դատապարտել:
Ըստ նրանց առաջադրված մեղադրանքի՝ Մեսրոպ Գրիգորյանին, Աբրահամ Շահինյանին և Արկադի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 13:30-ի սահմաններում նախնական համաձայնության գալով միմյանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են ուսուցիչ Սևակ Բադալյանի հետ և ծեծի ենթարկել վերջինիս:
Ավելի վաղ դպրոցի տնօրեն Կամո Բադալյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով դատավճռին, ասել էր. «Իհարկե, զարմացած եմ, ո՞վ նման բան կսպասեր: Ես դատարան նրանց վերաբերյալ դրական բնութագիր եմ ներկայացրել, և իհարկե, այն, որ երեխաներին դատապարտել են ազատազրկման, ինձ համար անսպասելի էր և ես չէի ցանկանա նման բան: Բայց կարծում եմ, ազատազրկման պատճառը այն էր, որ ի սկզբանե սխալ մարտավարություն էր ընտրվել և փոխանակ ընդունելու, որ նման բան են արել, նրանք իրենց մեղավոր չէին ճանաչում»,- ասաց Կ. Բադալյանը:
Նախորդող հրապարակում` Վարդենիկի ավագ դպրոցի աշակերտները դիմել են Վերաքննիչ դատարան
Վարդենիկի դպրոցի սաները իրենց վերջին զանգը անցկացրեցին բանտում
Վարդենիկի դպրոցի տնօրեն. Կան մարդիկ, ովքեր ուզում են իմ պաշտոնը ստանձնել