Վերնիսաժի կրակոցների գործ. Ներսես Մելքոնյանը ևս կալանավորվեց
09/06/2014 17:42

Վերնիսաժի կրակոցների գործ. Ներսես Մելքոնյանը ևս կալանավորվեց

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Վերնիսաժում հնչած կրակոցների գործով» Ներսես Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Վ. Էլբակյանի խոսքով` որևէ հիմք չի դրվել այդ որոշման մեջ, ավելին, ողջ ընթացքը մի շարք խախտումներով է ուղեկցվել:

«Ոչ մի փաստական հանգամանք չի դրվել այդ որոշման հիմքում, մենք ներկայացրեցին բոլոր հիմնավորումները: Խախտումները սկսվել են այն ժամանակվանից, երբ նա ձերբակալվել էր հունիսի 6-ին և ձերբակալման ժամկետը լրանում էր այսօր ժամը 15.00-ին, սակայն դատական նիստը սկսվեց ուշացումով: Չգիտեմ, ինչը կարող էր լինել նման որոշման պատճառը, միգուցե, հասարակական ուշադրությունը այս գործի հանդեպ»,-ասաց նա:

Նշենք, որ Ն. Մելքոնյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանությունը, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

Մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր 5 մարդ: Կրակոցները կատարելու կասկածանքով նախօրեին կալանավորվել է Գոռ Առաքելյանը, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախորդող հրապարակում` Վերնիսաժում կրակոցների գործով վկաներից Ներսես Մելքոնյանը դարձել է կասկածյալ

Ականատեսները պատմում են Վերնիսաժի կրակոցների մասին (Տեսանյութ)

Վերնիսաժի կրակոցների գործ. Ներսես Մելքոնյանը ևս կալանավորվեց