.jpg)
Շարմազանով. Քառյակն իր պահանջագրում մոռացել է ամենակարևոր օրակարգային հարցը
Քառյակի ասածը վերջին ճշմարտությունը չի: Իրականությունն այլ է: Լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է` մինչև սեպտեմբերի 30-ը վարչապետը փոխվի, քանի որ քառյակը պնդում է, որ հենց իրենց համատեղ գործունեության արդյունքում Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Իսկ ո՞վ ասաց, որ պահանջների արդյունքում վարչապետը փոխվեց: Հարգարժան նախկին վարչապետի դիմումը հարգել ենք ու փոխել ենք վարչապետին»,- ասաց է. Շարմազանովը:
Անդրադառնալով քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջին` պատգամավորն ասաց, որ իշխանության օրակարգն ավելի լայն է, քան ներկայացրել է քառյակը.
«Քառյակի ներկայացրած կետերում չկան ռադիկալ կոչեր, ինչը կառուցողական մոտեցում է: Բայց այս կետերում ամբողջական օրակարգն էլ ներառված չէր: Մի բանում են իշխանությունն ու ընդդիմությունը միասնական` Լեռնային Ղարաբաղի հարցում: Իշխանություն, ընդդիմություն, թե այլընտրանք, հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններ` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխանության հարցում բոլորս միասնական ենք: Իսկ մնացած կետերի վերաբերյալ իշխանությունն ու կառավարությունը իրենց կարծիքը հայտնել են»,- ասաց նա` ավելացնելով, որ, օրինակ, կուտակայինի կամ 100 տոկոս համամասնականի մասին արդեն իրենց կարծիքը հայտնել են, սակայն, Շարմազանովի խոսքով, չի նշանակում, որ չի կարելի նստել ու երկխոսել այդ հարցերի շուրջ:
Եզրափակելով խոսքը` Է. Շարմազանովն ասաց, որ 12 կետերի մեջ քառյակը մոռացել է կամ դեռ չի հասցրել հստակեցնել օրվա ամենակարևոր օրակարգային հարցը` համակարգային փոփոխությունները, որոնք առանց Սահմանադրական բարեփոխումների հնարավոր չեն:
Նախորդող հրապարակում` Քառյակը հրապարակեց 12 կետանոց պահանջագիրը