.jpg)
Թուրքիա-Իրան. Քաղաքական մրցակիցները սերտացնում են տնտեսական կապերը
Թուրքիայում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն երկկողմ ապրանքաշրջանառությունը այսօրվա 15 միլիարդ դոլարից հասցնել տարեկան 30 միլիարդ դոլարի:
Ռոհանին Անկարա կատարած այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի ղեկավարությանը՝ նախագահ Աբդուլահ Գյուլին և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հանդիպման արդյունքներով, Իրանի առաջնորդը հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան նպատակ ունեն երկաթգիծ կառուցել, որը կմիավորի իրանական Բազարգան նահանգը Թուրքիայի հետ և կստեղծի յուրահատուկ միջանք: Այդ միջանցքը թույլ կտա միմյանց կապել Պարսից ծոցը և Օմանյան ծովը՝ Սև և Միջերկրական ծովերի հետ:
Խոսքը գնում է Կարս-Իգդիր-Բազարգան-Ջուլֆա երկաթգծի շինարարության մասին, ինչի շուրջ երկրների միջև հուշագիրը ստորագրվել է դեռևս 2012թ.-ին:
Տվյալ երկաթգծի տարանցման հզորությունը կազմելու է տարեկան 3-4 միլիոն տոննա:Նախնական տվյալներով, նախագծի արժեքը կազմելու է 800 միլիոն դոլար, իսկ երկաթգծի երկարությունը՝ 400 կմ:
Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շատ բարձր է գնահատել Իրանի նախագահի այցը Անկարա: Գյուլը Իրանի նախագահի այցը Անկարա որակել է որպես պատմական, ինչը թույլ կտա ամրապնդել Թուրքիայի և Իրանի փոխհարաբերությունները:
Էրդողան-Ռոհանի հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետը նշել է, որ Թուրքիան և Իրանը պայմանավորվել են մշակել իրանական գազի գնի իջեցման հարցերը:
Էրդողանի խոսքերով, էներգետիկայի նախարարներին տրվել է կարգադրություն և համապատասխան պայմանավորվածությունների առկայության դեպքում հնարավոր կլինի ավելացնել Իրանից գնվող գազի ծավալները:
Իրանը այս պահին ապահովում է Թուրքիայի նավթային պահանջարկի 30%-ը՝ տարեկան Իրանից Թուրքիա է արտահանվում 8 միլիոն տոննա նավթ, ինչպես նաև իրանական գազը ապահովում է թուրքական ներքին պահանջարկի ¼-րդը՝ տարեկան 10 միլիարդ խմ գազ:
Չնայած տնտեսական բլոկում առկա մեծ պոտենցիալին թուրք-իրանական քաղաքական և աշխարհաքաղաքական հակասությունները բավականին սուր են՝ տարածաշրջանային մրցակցության տեսանկյունից:
Թուրքիան սիրիական հարցում աջակցում է հակաասադական, սունի ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին, որոնց նպատակն է տապալել Ասադի իրանամետ, ալևիական ռեժիմը: Իրանը ֆինանսական, ռազմաքաղաքական, դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Մերձավոր Արևելքում իր ռազմավարական դաշնակցին՝ Սիրիային, այդ թվում լիբանանյան Հզբոլահ շարժման մարտիկների օգնությամբ, ովքեր Սիրիայում պաշտպանում են Ասադի ռեժիմը:
Հունիսի 3-ին նախագահական ընտրություններում Ասադի հաղթանակը փաստորեն ամրապնդելու է այսպես կոչված շիական դաշինքը՝ Իրան-Սիրիա-Հզբոլահ, ինչը չի կարող վրիպել Թուրքիայի աչքից: Ասադի տապալման Անկարայի ջանքերը խորտակվեցին:
Պետք է նշել, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ դաշնակցային հարաբերությունների մեջ էր Իրանի թիվ մեկ հակառակորդ՝ Իսրայելի հետ, ինչպես նաև հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ թուրքական տարածքում(Մալաթիա) տեղակայված է Հյուսիսատլանտյան դաշինքի ռադարը (X-դիապազոն AN/TPY-2), որը թույլ է տալիս ֆիքսել Իրանի տարածքում հրթիռների բոլոր արձակումները: Բացի այդ, Թուրքիայի տարածքում է տեղակայված ամերիկյան Ինջեռլիք ռազմակայանը:
Իրանը այդ առումով Թուրքիային դիտարկում է որպես ռազմաքաղաքական հակառակորդ՝ ՆԱՏՕ-ի հենակետ իրանական սահմանների երկայնքով:
Դրան զուգահեռ, Հարավային Կովկասում թուրք-իրանական մրցակցությունը նույնպես բավականին ցայտուն է՝ Անկարան ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ՝այդ երկիրը դիտարկելով որպես հակակշիռ իրանական տարածաշրջանային նկրտումներին:
Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կոալիցիան նպատակ ունի սահմանափակել Իրանի և Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը Հարավային Կովկասում: Թուրք-ադրբեջանական տանդեմն էլ իր հերթին մեկուսացնում է Հայաստանը Հարավային Կովկասում՝ շրջափակման մեջ է պահում Հայաստանը և Արցախը ու նպաստում տարածաշրջանային լարվածությանը:
Ելնելով վերոնշյալից, Իրանը զարգացնում է ռազմավարական կապերը Հայաստանի հետ՝ իրականացնելով էներգետիկ, տրանսպորտային և այլ ծրագրեր, ցանկանալով ուժեղացնել հայկական գործոնը՝ ի հակակշիռ տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացմանը՝ նկատի ունենալով նաև Ադրբեջանի անհիմն պահանջները Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ:
Այսպիսով, թուրք-իրանական հարաբերությունները շարունակելու են զարգանալ տնտեսական, էներգետիկ ոլորտներում, սակայն աշխարհաքաղաքական հակասությունները և Արևմուտք-Իրան հարաբերություններում սրացումը բումերանգի պես հարվածելու են Անկարա-Թեհրան հարաբերություններին: