.jpg)
Մենք համապատասխան գործի ենք լծվել. Դավիթ Հարությունյանը՝ Մհեր Շահգելդյանին
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ Կառավարության կողմից տարվող աշխատանքներով:
«Սա կապված է արտագաղթի ու մի շարք այլ սոցիալական խնդիրներ հետ: Ուզում եմ հետաքրքրվել, թե Կառավարությունը ինչպիսի՞ քաղաքականություն է մշակել, կա՞ն արդյոք նոր մոտեցումներ երիտասարդների համար նոր աշխատատեղ ստեղծելու համար: Եթե կա՞ն, ապա ինչպիսի՞ն են դրանք»,- նշեց պատգամավորը:
Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով իր խոսքում ընդգծեց, որ այդ հարցի պատասխանը ստանալու համար Մհեր Շահգելդյանը կարող է բացել Կառավարության ծրագրի համապատասխան հատվածը և ստանալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները:
«Մենք ուրվագծել ենք բոլոր այն միջոցառումները, որոնք կյանքի ենք կոչելու, և որոնք հատկապես կապված են երիտասարդների հետ: Մենք գտնում ենք, որ պետք է զերծ մնանք աշխատատեղերի հետ կապաված որևէ գնահատական տալուց: Մտածում ենք նաև, թե ինչ գործիքակազմ կարող է խթանել նոր ու որակյալ աշխատատեղերի ստեղծմանը: Մեր խնդիրը պարարտ հող ստեղծելն է, որը կզարգացնի բիզնես միջավայրը: Իսկ աշխատատեղեր ստեղծում է հենց բիզնես աշխարհը: Եթե առկա է պարարտ հող, ուրեմն՝ ձեռնարկատիրությունը զարգանում է: Եթե կա համապատասխան արձագանք, ես պատրաստ եմ նաև այլ պարզաբանումներ տալ»,- նշեց Դ. Հարությունյանը:
Իսկ Մհեր Շահգելդյանը արձագանքեց, որ խնդիրը կոնկրետ վերաբերում է երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծմանը: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա ինքը դրան շատ լավ ծանոթ է: «Ես հարցը պատահական չհնչեցրեցի: Ծրագրում թվեր տեղադրված չեն, սակայն տվյալ ոլորտում, որոշակի թվական տեղեկատվությունը զուտ անհրաժեշտություն է: Դա վերաբերում է երիտասարդների ապագային, ինչո՞ւ ոչ նաև մեր անվտանգությանը: Եթե մենք խոսում ենք երիտասարդների մասին, ապա պետք է գոնե ուղենիշային որոշակի ցուցանիշների մասին ուրվագծենք: Սա ուղղորդում է մեզ»,- ասաց նա:
Իսկ Դավիթ Հարությունյանը արձագանքեց, որ Կառավարությունը ցուցիչներից զերծ է մնում, սակայն ուրվագծում է աշխատանքի ուղենիշերը:
«Ցուցիչները բովանդակային առումով ոչ այնքան համապարփակ են: Երիտասարդների համար մենք ընտրել ենք հստակ քաղաքականություն և ուզում ենք նրանց ապահովել ոչ թե հասարակ, այլ բարձր արտադրողական աշխատանքով: Մեզ համար ավելի կարևոր է բարձր արտադրողական աշխատանքը, քան ուղղակի 10 նոր աշխատատեղ ունենալը: Այսօր արդեն քննարկումներ են ընթանում ՏՏ ոլորոտւմ նոր աշխատատեղեր բացելու մասին: Սա օրինակներից մեկն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ, թե տարեկան քանի նոր աշխատատեղ կստեղծվի: «Մենք համապատասխան գործի ենք լծվել»,- հավելեց Դ. Հարությունյանը: