Վիսենտե դել Բոսկե. «Չենք կարող դեմ գնալ ֆուտբոլիստների բնական հակումներին»
11/06/2014 19:13

Վիսենտե դել Բոսկե. «Չենք կարող դեմ գնալ ֆուտբոլիստների բնական հակումներին»

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կիսվել է աշխարհի առաջնությունից ակնկալիքներով:

«Անցյալում Իսպանիայի հավաքականում միտում կար յուրաքանչյուր խաղում ասպարեզ դուրս գալ նոր կազմով: Հիմա ունենք ֆուտբոլիստների կորիզ, որի մի մասն ավելի շատ է խաղում, բայց դա արդեն կայացած կորիզ է:

Նոր խաղացողները պետք է նվաճեն իրենց տեղը: Ես, որպես մարզիչ, չպետք է շտապեմ նոր խաղացողների ներգրավման հարցում, սակայն միևնույն ժամանակ չպետք է թույլ տամ, որ զարգացումը կանգ առնի: Մենք աշխատում ենք հընթացս համալրել թիմը` ոչ մեկին դուրս չթողնելով ասպարեզից:

«Բարսելոնի» ու «Ռեալի» ֆուտբոլիստների միջև ոչ մի տարաձայնություն չեմ նկատել: Երբ նրանք հագնում են ազգային հավաքականի մարզաշապիկը, ակումբային խնդիրները թողնում են անցյալում:

Ինչ վերաբերում է մարտավարությանը, ևս մեկ անգամ կասեմ, որ ցուցադրում ենք այնպիսի ֆուտբոլ, որը համապատասխանում է ֆուտբոլիստների հնարավորություններին: Չենք կարող դեմ գնալ նրանց բնական հակումներին:

Իհարկե, դեռ շատ սխեմաներ կարող ենք գծել` 3 հարձակվողով կամ 2 հենակետայինով, սակայն կարծում եմ, որ ընդհանուր գաղափարը, թե ինչպես պետք է խաղանք, արդեն հստակ է»,- հայտարարել է դել Բոսկեն:

Վիսենտե դել Բոսկե. «Չենք կարող դեմ գնալ ֆուտբոլիստների բնական հակումներին»