.jpg)
«Եկե՛ք բոլորս մեկ բռունցք դառնանք». Մեկնարկեց «Դեմ եմ»-ի սատարման երթը
«Դեմ եմ» շարժումն այսօր կրկին կազմակերպել է երթ՝ ի պաշտպանություն այն քաղաքացիների, ովքեր գործատուների կողմից ենթարկվում են ճնշումների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս նախաձեռնության հեղինեկները հաղորդագրություն էին տարածել ու հայտնել, որ այսօր՝ ժամը 19:00-ին Մատենադարանի մոտ հավաքվելու են, որտեղից մեկնարկելու է սատարման երթը:
«Եկե՛ք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են»,-ասված էր հաղորդագրության մեջ:
Եվ ահա, նախաձեռնության անդամներն այս պահին հավաքվել են Մատենադարանի մոտ: Բացի երթի պաստառներից նրանք իրենց ձեռքին են պահել որոշ պաշտոնյաների լուսանկարներ, որոնց թվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, Առողջապահության նախարար Արմեն Մուրդյանի լուսանկարները: Նախաձեռնության անդամները նշեցին, որ այդ լուսանկարներով ուզում են ցույց տալ, որ քաղաքացիների վրա հիմնական ճնշումները գործարդվում են այդ ոլորտներում: Երթի մասնակիցները Տարոն Մարգարյանի ցուցապաստառի վրա գրել են. «Տարոն, սիրուն չի մանկավարժների վրա ճնշում գործադրելը»:
Երթից առաջ շարժման նախաձեռնող Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ կշարժվեն Կորյուն փողոցի բանուկ մասով դեպի Բժշկական համալսարան:
«Շարժվելով դեպի համալսարան, մենք ոչ թե կանարգենք այդ համալսարանը, այլ ցույց կտանք մեր բողոքը այդ հաստատությունում կատարվող ապօրինությունների ու ճնշումների վերաբերյալ»,- ասաց նա:
Նշենք, որ այս պահին երթի մասնակիցները շարժվում են Կորյուն փողոցով դեպի Բժշկական համալսարան, վանկարկելով՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: