.jpg)
Ֆիննախի աշխատակիցները կրճատվել են աշխատանքի պայմանների փոփոխման հետևանքով
ՀՀ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի վերակազմակերպման գործընթացները իրականացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ ՆՀ-97-Ն հրամանագրի հիմքով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հարցմանը ի պատասխան հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 1005-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2014թ. մայիսի 8-ի թիվ 500-Ն որոշման համաձայն, կատարված վերակազմակերպումն արդեն իսկ ենթադրում է աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում և դրա անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատում»,-ասված է պատասխանում:
Անպատասխան է մնացել հարցը՝ հաստիքների կրճատման որոշումը կայացնելիս ի՞նչ հիմքով է նախապատվություն տրվել այս կամ այն աշխատողին, արդյոք նախապատվություն տրվե՞լ է առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող քաղծառայողներին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սոֆի Սիմոնյանը Facebook-յան իր էջում հայտնել էր, որ բաժնի բոլոր աշխատակիցները կրճատվել են:
«Աշխատանքային օրն ավատվեց դեռ չսկսված….Այսօր մենք՝ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր աշխատակիցներս տեղեկացանք, որ ս. թ. հունիսի 6-ից (խնդրում եմ ուշադրություն դարձնել ամսաթվին) ազատված ենք զբաղեցրած պաշտոններից վերակազմակերպման արդյունքում, և այդ պաշտոններում ամենայն հավանականությամբ կնշանակվեն, կամ արդեն նշանակվել են ՊԵԿ-ի համանուն ստորաբաժանման աշխատողները:
Թե ինչպես է ստացվում, որ վերակազմակերպվում է ՊԵԿ-ը, բայց այդ կապակցությամբ աշխատանքից զրկվում են բացառապես ֆինանսների նախարարության աշխատողները, ես որ չեմ հասկանում…Թեպետ վստահ եմ՝ օսլայած օձիքով, արագախոս մի գերմասնագետ (ընդհանրական կերպար է) կկարողանա երկարաշունչ, ոչինչ չասող, բայց շատ ճշմարտանման պատասխան գտնել: Բայց եթե նույնիսկ պարզվի, որ իրականում վերակազմակերպվողը ֆիննախն էր, այնուամենայնիվ հիշեցնեմ, անգամ այդ պարագայում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մարմնի վերակազմակերպումը քաղծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, իսկ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել երկար քաղծառայության ստաժ ունեցողին… մեր բաժնում բոլոր աշխատողներն ունեն իրենց պաշտոնի ենթախմբի համար նախատեսված առավելագույն դասային աստիճաններ և միջինում մոտ ինը տարվա քաղծառայության ստաժ:
Մի խոսքով հեքիաթները, թե քաղծառայողները պաշտպանված են օրենքով, բարի ավարտ չունեցան.
Ինչևէ… մեր նոր կառավարությունը բոլորովին վերջերս իր գործունեության ԳԵՐակայություն հռչակեց ՔԱՂԱՔԱՑՈՒՆ.…Ու չնայած կարծես թե քաղաքացին ԳԵՐնախարարությունում ԳԵՐակայություն է միայն թղթի վրա և դանակի սայրին, եթե այնուամենայնիվ վերը նշվածն ընդամենը ԳԵՐխոսքեր չեն, թող որ դրան հասնելու ճանապարհին ներելի լինեն նման սայթաքումները…. Ի վերջո բաժնում ընդամենը երեք աշխատող են. հաստատ մեծ կորուստ չի, երբ կարևորը եզրույթներում ԳԵՐ նախածանցն է…
Հ. Գ. Հիմա շատերը կմտածեն՝ դե այդպես էլ պիտի լիներ, հո երկու բաժին չէին պահելու պարզ է, որ պիտի նախընտրեին իրենց ծանոթ, վստահելի կադրերին…Երևի… Վաղուց արդեն բոլորս վարժվել ենք ապրել չգրված օրենքներով, ոչ մի բանից չենք զարմանում, չենք զայրանում, հաշտ ու խաղաղ հարմարվում ենք… Այս ամենը գրելու անհրաժեշտություն էլ միգուցե չլիներ, եթե ֆիննախի ներկայիս ղեկավարությունը գոնե PR նկատառումներով սեփական բարի համբավի մասին մտահոգվեր… ֆինանսների նախարարությունում աշխատում ենք ավելի քան ինը տարի, այդ ընթացքում հինգ նախարար է փոխվել, կարելի էր գոնե կանչել, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, հաջողություն մաղթել, բայց քար լռությունն այդպես էլ ոչ ոք չխախտեց….
Վերջում մի բարեկամական խորհուրդ ևս….երկաթե վարագույրներն արդեն վաղուց նորաձև չեն. չնայած ամեն ինչ մեզանից հույժ գաղտնի էր պահվում, բաժնի կրճատման մասին տեղեկությունը մեզ հայտնի էր դարձել ի սկզբանե….փոխեք Ձեր գործելաոճը, եթե ցանկանում ենք ինչ-որ բանում հաջողել…..Ձեզ հաջողություն ենք մաղթում….»,-ասված էր գրառման մեջ:
Նախորդող հրապարակում՝ Ֆիննախի հասարակայնության հետ կապերի ողջ բաժինը ազատվել է աշխատանքից