.jpg)
Ն. Զոհրաբյան. Տ. Սարգսյանի կառավարությունը զբաղվել է տնտեսական հանիբալիզմով
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագրի հաշվետվությունից տպավորություն է, որ ապրում ենք տարբեր իրականություններում: Նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ամեն ինչ լավ է, բոլոր ցուցանիշները կատարվել են, բյուջեն գրեթե 100 տոկոսով կատարվել է: Այստեղ, ակամայից, հիշում ես հայտնի անկեդոտը` բա որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ: Տպավորությունն այնպիսին է, որ մի վիրտուալ աշխարհ եք ստեղծել ձեզ համար և ընդամենը հրապարակում եք թվեր, որոնց տակ դատարկություն է, դատարկ տարածք»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Շարունակելով խոսքը` ԲՀԿ պատգամավորը հարց ուղղեց, թե եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ հնարավոր չեղավ ապահովել տնտեսական նախատեսված աճը, եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ Հայաստանն այսօր ներդրումների պակաս ունի, ինչո՞ւ է այսօր Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ապրում աղքատության մեջ և գործազուրկ:
«Գնացեք Վրաստանի սահման և տեսեք, թե ինչ է կատարվում. Մարդիկ, օդային սահմանը հատելու գումար չունենալով, արդեն ոտքով են լքում սեփական երկիրը: Ե՞րբ պետք է իշխանությունը ունենա քաղաքական համարձակություն` ներկայացնելու ձախողման իրական պատճառները և ոչ թե ասել` ամեն ինչ լավ է, ամեն ինչ գերակատարվել է: Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի զբաղվել է տնտեսական հանիբալիզմով, այլ տերմին չեմ կարող գտնել այդ ամենը բնորոշելու համար: Իրականում ոչ մի աճ չի եղել, եղել է հետընթաց, այսինքն` տնտեսությունն ինքն իրեն կերել է»,- ասաց ԲՀԿ պատգամավորը` հայտարարելով, որ իր ներկայացրած խմբակցությունը դեմ է քվեարկելու կատարողականին:
Նախորդող հրապարակում` Պատգամավորը` կառավարությանը. Դուք ո՛չ ինտելեկտուալ եք, ո՛չ գեղեցիկ