Ռոբերտ Նազարյան. ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տարածել
11/06/2014 16:41

Ռոբերտ Նազարյան. ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տարածել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ստանալով բոլոր լիցենզավորված կազմակերպությունների պաշտոնական հայտերը, ի մի է բերել այդ ամենը և որոշել, թե որքան պետք է լինի էլեկտրաէներգիայի գինն առաջիկայում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Որպես պետական կառույց, շարունակեց խոսքը Ռ. Նազարյանը, ՀԾԿՀ-ն պարտավոր է հանդիպել ԱԺ խմբակցություններին, խոսել առկա խնդիրների մասին և պատասխանել հետաքրքրող հարցերին:

«Որևէ մարդ ուրախ կլինի՞, որ սակագին է բարձրանում: Մենք` որպես հանձնաժողով, ունենք օրենքով ամրագրված գործառույթներ, որով պետք է ապահովենք լիցենզավորված կազմակերպությունների ֆինանսական կայունությունը»,- ասաց Ռ. Նազարյանը:

Անդրադառնալով ՀԷՑ-ի այն հիմնավորմանը, թե էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է, ինչի հետևանքով առաջացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարց` Ռ. Նազարյանն ասաց, որ ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տարածել, թե էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է, «նման բան չկա, հակառակը` յոթ տոկոսով ավելացել է սպառումը»:

Շարունակելով խոսքը` ՀԾԿՀ նախագահն ասաց, որ էլեկտրաէներգետիայի շուկայում գործում է 11 խոշոր ընկերություն, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում.

«Դրանք բոլորը ներկայացրել են իրենց հայտը, հանձնաժողովն էլ ամփոփել է այդ հայտերը: Սակագները կարող են վերանայվել ինչպես հայտերի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնության դեպքում»,- ասաց նա` չմոռանալով ավելացնել, որ մտածել են նաև սպառողի մասին. «Ընկերությունների կողմից ներկայացրած ծախսային մասն ուսումնասիրելով` կարելի է տեսնել, որ այն տարբերվում է այն մեծություններից, որոնք հանձնաժողովը համարել է չհիմնավորված ու մերժել է: Մենք հանդես չենք գալիս որևէ մեկի շահերից, մենք դեռ վաղուց պետք է սկսեինք այդ գործընթացը, պարզապես պետք է վերլուծեինք այդ հայտերը»,-ասաց Ռ. Նազարյանը` ավելացնելով, որ եթե հանձնաժողովը պաշտպաներ այդ ընկերությունների շահերը, ապա այդ ընկերությունները տարեկան կտրվածքով չէին ունենա 16 մլրդ 300 մլն դրամի վնաս:
 

Ռոբերտ Նազարյան. ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տարածել