.jpg)
Բրազիլիա-Խորվաթիա հանդիպման նախաշեմին
Այսօր Սան Պաուլոյում կմեկնարկի աշխարհի 2014 թ. ֆուտբոլի առաջնությունը: Մրցաշարի բացման արարողությունը մեծ իրադարձություն է ցանկացած ֆուտբոլասերի համար, եթե նույնիսկ նրա հարազատ թիմը մասնակիցների թվում չէ: Բացի այդ, այս անգամ բացման խաղում իսկապես հետաքրքիր թիմեր կհանդիպեն` տանտերերի` բրազիլացիների գլխավորությամբ, ովքեր չեմպիոնի կոչման ֆավորիտներից մեկն են: Այդ երկրի համար աշխարհի գավաթը հատուկ նշանակություն ունի, ուստի կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսին կլինի աջակցությունը մարզադաշտերում:
Տնային Մունդիալին նախապատրաստության 4 տարուց 3-ը բրազիլացիները ձախողեցին, սակայն վերջին մեկ տարում կարողացան վերադառնալ սովորական բարձր մակարդակին: Ամեն ինչ սկսվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ելույթներից, որից հետո Լուիս Ֆելիպե Սկոլարիի թիմը գործնականում միայն հաղթել է: Թիմն աշխարհի առաջնությանն արդեն մոտեցել է գլխավոր ֆավորիտներից մեկի կարգավիճակում: Եվ առաջին պաշտոնական հանդիպումը` ընդդեմ անզիջում խորվաթների, գերազանց հնարավորություն է` ցուցադրելու սեփական մակարդակը:
Նիկո Կովաչի թիմի համար որակավորման փուլի հանդիպումները մարտական մկրտություն էին, սակայն ոչ ոք դեռ չի պատրաստվում այս ընտրանուն դնել նույն շարքում` Միրոսլավ Բլաժևիչի ու Սլավեն Բիլիչի դասական թիմերի հետ միասին: Կովաչն ապացուցելու շատ բան ունի:
Սկոլարին շատ է աշխատել` օպտիմալ կազմն ընտրելու համար: Բայց չի կարելի ասել, որ նա ընտրել է բոլոր ուժեղագույններին: Բրազիլիայում միշտ հայտնվում են կատարողներ, ովքեր հավակնում են հիմնական կազմում տեղի: Վերջերս, օրինակ, այդպիսին է դարձել Ֆեռնանդինյոն, ով միայն «Մանչեսթեր Սիթիում» հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո դարձավ ազգային հավաքականի ֆուտբոլիստ:
Բրազիլիայի հավաքականի դարպասը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի Ժուլիո Սեզարը: Մյուս հարցն այն է, թե Պաուլինյոյի հետ միասին ով տեղ կզբաղեցնի հենակետային կիսապաշտպանի դիրքում: Սկոլարին 3 թեկնածու ունի` Ֆեռնանդինյոն, Լուիս Գուստավոն և Ռամիրեսը:
Նիկո Կովաչը մրցաշարի մեկնարկից առաջ կազմի հետ կապված խնդիրներ ունի: Կիսապաշտպանների վնասվածքների հետ կապված խնդիրը լուծելի է` հաշվի առնելով, որ Կրանչարը, Իլիչևիչն ու Մոչինիչը դժվար թե հայտնվեին մեկնարկային կազմում: Իսկ ահա ձախ պաշտպան Ստրինիչի կորուստն իսկապես լուրջ է: Վնասվածք ունի նաև նրան փոխարինողը` Պրանյիչը, ով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մեկնարկային խաղը: Այնպես որ, այսօր Խորվաթիայի հավաքականի ձախ պաշտպանի դիրքում հանդես կգա Վրսալկոն:
Նիկո Կովաչը մեծ գայթակղությունի` կիսապաշտպանության կենտրոնում ստեղծելու Մոդրիչ-Ռակիտիչ զույգ` հաշվի առնելով, որ երկուսն էլ վերջին տարիներին գործում են կիսապաշտպանության խորքում: Սակայն Բրազիլիայի հավաքականի հետ խաղում, հավանաբար, իսկական հենակետայինի կարիք կզգացվի, ինչպիսին է Վուկոևիչը: Նման ուժեղ մրցակցի դեմ 3 կիսապաշտպանով հանդես գալը նույնպես չի դիտվի որպես պաշտպանության վրա շեշտադրում:
Հարձակման գծում Կովաչը պետք է ընտրություն կատարի Մանջուկիչի ու Յելավիչի միջև, նաև եզրերում տարբեր տարբերակներ կարող է կիրառել` ելնելով մարտավարությունից: Սպասվում է, որ անսպասելի քայլեր չեն լինի: Յելավիչը կընդգրկվի մեկնարկային կազմում, որովհետև Մանջուկիչը որակազրկման պատճառով պետք է բաց թողնի այս հանդիպումը, իսկ եզրերում կգործեն Օլիչն ու Պերիշիչը: