Անցանկալի հղիությունների մեծ մասը պայմանավորված է սեռով. Սեքսապաթոլոգ
12/06/2014 18:04

Անցանկալի հղիությունների մեծ մասը պայմանավորված է սեռով. Սեքսապաթոլոգ

Բոլոր բուժհաստատություններում պետք է հանձնաժողով ստեղծվի անցանկալի հղիության ընդհատումները վերահսկելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը, ում հավաստմամբ՝ պետք է այդ հանձնաժողովում ընդգրկվեն ոչ միայն բժշիկներ, այլև այլ մասնագետներ.

«Հոգեբաններ, իրավաբաններ և այլմասնագետներ, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն: Եթե հղիության ընդհատումը հակացուցվի մասնագետի կողմից, ապա այդպիսի դեպքեր չեն լինի»:

Մասնագետի համոզմամբ՝ այդպիսի դեպքերը հիմնականում գրանցվում են Հայաստանի հյուսիսային շրջաններում, որտեղ հիմնականում անցանկալի հղիությունների ընդհատումները պայմանավորված են սեռով:

«Հանձնաժողովը պետք է կարողանա ճիշտ ուղղորդել կնոջը` պտուղը հեռացնել, թե ոչ: Եթե հակացուցված է հղիությունը, այդ դեպքում պետք է հեռացվի, իսկ եթե ոչ՝ ուրեմն կինը պետք է ծննդաբերի: Հյուսիսային շրջաններում երբ տեսնում են, որ պետք է աղջիկ ծնվի, միանգամից որոշում են պտուղը հեռացնել: Այստեղ միայն աղջիկ-տղայի հարցը չէ: Խնդիրը շատ ավելի հոգեբանական է: Մարդիկ ուզում են, որ իրենց ազգանունը շարունակող լինի, մինչդեռ արհեստական վիժեցման ժամանակ այդ նույն տղամարդիկ չեն նկատում, որ կինը շատ մեծ տրավմաներ է տանում, ընդհուպ մինչև ինքնասպանության կարող է գնալ»,- մանրամասնեց Զաքարյանը՝ ընդգծելով, որ վերջապես տղամարդը պետք է հասկանա, որ միայն կնոջից չէ, որ աղջիկ է ծնվում:

«Տղամարդը ջայլամի քաղաքականություն է վարում` չուզենալով ընդունել, որ հասկանում է, կնոջ վրա է բարդվում ամբողջ պատասխանատվությունը: Տղամարդը վերջապես պետք է իր ուղեղը մտցնի, որ միայն կինը չէ աղջկա համար մեղավոր: Տղամարդն էլ, կինն էլ՝ հավասար պատասխանատվություն են կրում դրա համար: Ընտանիքներում շատ հաճախ տղայի ծնողները մեղադրում են հարսին, որ նա աղջիկ է ունենում, իսկ դա արդեն հոգեբանական ճնշում է: Շատ դեպքերում անգամ տղամարդիկ դիտավորյալ չեն ուզում ցույց տալ, որ իրենք հասկանում են: Դա կարծես թե պատիվ չի բերում»,- ասաց նա:

Մ. Զաքարյանը նկատեց նաև, որ շատերը անգամ գիտակցաբար, հատուկ հաշվարկներով են երեխաներ ունենում:

«Կան հաշվարկի ձևեր, որոնց միջոցով իմանում են՝ տղա են ունենալու, թե աղջիկ: Սա ևս նպաստում է անցանկալի հղիության ընդհատումներին: Բայց ոչ մի հաշվարկ ռեալ կամ 100 տոկոսանոց չէ: Լինում են դեպքեր, անգամ երբ ուլտրաձայնային հետզոտման արդյունքներն են սխալ լինում, բայց դա չի նշանակում, որ պետք է երեխային հեռացնեն»,- նշեց սեքսապաթոլոգը՝ ընդգծելով, որ հղիանալու համար մեծ նշանակություն ունի նաև գենը:

Փաստաբան Լիաննա Բալյանն էլ իր հերթին հավելեց, որ որքան զարգացած է երկիրը, այնքան սեռով չի պայմանավորվում երեխայի ծնունդը, իսկ որքան հետամնաց ու ավանդապաշտ է՝ այդ բոլոր երկներում այնքան սուր է դրված այդ հարցը:

«Եկեք Հայաստանը չդասենք այդ մուսուլմանական երկրների հետ, սակայն այսպես շարունակել այլևս չարժե: Մեր ժողովուրդն էլ պետք է ինտելեկտով ավելի բարձր ու իրազեկված լինի, որպեսզի նման դեպքերը նվազեն: Կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ և տղամարդը նույնպես պետք է պատասխանատվություն կրի անցանկալի հղիությունից ազատվելու համար: Որքան մայրն է պատասխանատու, նույնքան հայրն է իրավասու:

Aysor.am-ի դիտարկմանը, թե օրենքով եթե արգելվեն արհեստական ընդհատումներ, ապա կոռուպցիոն ռիսկերն են ավելանում՝ Մ. Զաքարյանը նշեց, որ եթե մեկ անգամ խիստ պատասխանատվության ենթարկեն որևէ մեկին, բժիշկներն այլևս չեն համարձակվի գումարով արհեստական վիժեցում անեն, կամ սեռը ասեն:

«Կաշառքի համար համապատասխան քրեական պատասխանատվություն է սահմանված: Բոլորին մի արշիլով չի կարելի չափել, բայց լավ կլինի, որ հանձնաժողովի հարցը խիստ դրվի»,-ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ «Հղիության արհեստական ընդհատման համար պետք է սահմանվի ավելի խիստ պատիժ»