.jpg)
Մայր և դուստր արվեստագետների աշխատանքները` մեկ տեղում
Մայր և դուստր՝ Մարիա Ասրիյան, Աննա Շահնազարյան: Երկու տարբեր, բայց միևնույն ժամանակ իրար նման ստեղծագործողներ: Մարիա Ասրիյանը 42 տարի խեցեգործությամբ է զբաղվում: Խեցեգործությունը հայտնի է իր բարդ ու դժվար աշխատանքով, սակայն տիկին Մարիան միշտ հավատարիմ է մնացել իր ընտրած ուղուն: «Երբեք չեմ դավաճանել իմ սկզբունքին, դժվարին աշխատանքն արել եմ մեծ սիրով: Իմ բոլոր ստեղծագործություններում արտացոլված են իմ զգացողությունները: Ես այս տարիների ընթացքում ձգտել եմ ստեղծել մնայուն գործեր, այլ ոչ թե ժամանակի հետ անցնող»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց տիկին Մարիան:
Մայրն իր ստեղծագործական աշխարհում ներգրավել է նաև աղջկան՝ Աննա Շահնազարյանին: Նա արվեստասեր հասարակությանը ներկայանում է գեղանկարչական ստեղծագործություններով: «Փոքրուց մայրիկիս աշխատանքներն եմ տեսել, ոգեշնչվել: Ես որքան ինձ հիշում եմ, շատ եմ սիրել նկարել: Շատ հաճախ էի նկարում, դպրոցում, ամեն ուր, նույնիսկ, հիշում եմ, որ ուսուցիչները միշտ բողոքում էին մայրիկիս, որ դասերին անդադար նկարում եմ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմում է Աննան: Նկարչության հանդեպ սերն էլ հիմք հանդիսացավ իր մասնագիտական ուղին ընտրելու գործում: Արդեն երկար տարիներ է ստեղծագործում է և տարբեր անհատական ցուցահանդեսներով արվեստասերներին ներկայացնում իր աշխատանքները:
Նրա ստեղծագործություններում իշխում են վառ ու պայծառ գույները, որոնք Աննայի խոսքով, պատմում են իր ներաշխարհի մասին: «Այս վառ, պայծառ գույները իմ հոգեկան աշխարհն են: Բոլոր աշխատանքներում իմ հոգու մի մասնիկն եմ դնում, չկա որևէ ստեղծագործություն, որը կցանկանայի առանձնացնել, բոլորն էլ սիրում եմ յուրաքանչյուրն ինձ համար հարազատ է»,-ասաց Աննան: Իսկ ինչն է ոգեշնչում Աննա Շահնազարյանին: «Ինձ վրա թողած կյանքի իրադարձությունների ազդեցությունը: Ամեն մի իրավիճակից դուրս գալուց հետո իմ հոգում կուտակվածը հաղորդում եմ ստեղծագործություններին: Ես չեմ նկարում պարզապես նկարելու համար, եթե աշխատանքս ինձ չգոհացրեց, անկախ նրանից` որքան եմ աշխատել, կարող եմ թողնել, նորը սկսել»,-նշեց Աննա Շահնազարյանը՝ ընդգծելով, որ ինչպես մայրն, այնպես էլ ինքը աշխատանքների մեջ հոգի են դրել: Մայր ու աղջիկ խիստ ու բծախնդիր են մոտենում իրենց աշխատանքին, միմյանց քննադատում, անհրաժեշտության դեպքում իրար թիկունքի կանգնում:
Արվեստաբան Ռուզաննա Մահտեսյանը տաղանդավոր խեցեգործի ու գեղանկարչի աշխատանքներին նայում է և՛ որպես ընտանիքի ընկեր, և՛ որպես մասնագետ: «Աննան շատ երիտասարդ տաղանդավոր, ստեղծագործական աշխատանքում մշտապես որոնող, պրպտող անձնավորություն է: Նա երբեք չի կանգնում նույն տեղում, ես որպես մասնագետ ասում եմ, նրա ստեղծագործական աճը շատ արագընթաց է տեղի ունենում»,-ասաց արվեստաբանը: Նա ընդգծեց, որ մոր և դստեր ստեղծագործություններում երաժշտություն է, գույներ, ներկայացում, որոնք խոսում են միմյանց հետ ու փոխլրացնում:
Կենտրական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Մարիա Ասրիյանի և Աննա Շահնազարյանի ստեղծագործությունների երկրպագուն է: Նա նրանց ստեղծագործությունների յուրահատկությունը համարեց գույները: «Կարծում եմ ստեղծագործողի ներաշխարհը լիարժեք կերպով արտահայտվել է հենց գույների միջոցով, իսկ նկարներում պատկերված մարդկային դեմքերն արտահայտում են մարդու էությունը: Այստեղ գունային ճիշտ համադրությունն ամբողջության է բերել այն միտքը, որը ստեղծագործողը ցանկացել է հաղորդել արվեստասեր հասարակությանը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գնահատմամբ, տիկին Մարիայի և նրա դստեր ստեղծագործություններում մեղմություն ու կանացիություն է արտացոլված: «Սովորաբար, երբ նայում եմ ստեղծագործությանը հաճախ կարողանում եմ գուշակել կին է հեղինակը, թե տղամարդ: Այս գործերի մեջ, անկասկած, կա այնպիսի մի կանացի հոգի, մեղմություն, որը չես շփոթի ուրիշ գործերի մեջ: Տիպիկ հայ կնոջ ստեղծագործություններ են»,-ասաց Կարեն Աղամյանն՝ ընդգծելով, որ շատ բարձր արժեք ունեցող ստեղծագործություններ են ներկայացված:
Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավար Մխիթար Մնացականյանը ստեղծագործություններին նայում է ոչ թե աչքով այլ սրտով: «Ստեղծագործությունն այնպիսին պետք է լինի, որ ոտքերդ ինքնուրույն տանի դեպի իրեն: Մարիա Ասրիյանի ու Աննա Շահնազարյանի պարագայում հենց այդպես է: Իսկ դա նշանակում է, որ արվեստագետի ցանկությունն է կատարվում, արվեստասեր քաղաքացին անուշադիր չի անցնում ստեղծագործությունների կողքով: Մայր ու աղջիկ տաղանդներ են, որոնք նոր ուղղություն, նոր ոճ մտցրեցին»,-հավելեց Մխիթար Մնացականյանը:
Մարիա Ասրիյանի ու Աննա Շահնազարյանի ստեղծագործությունները նայելիս Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանն ավելորդ համարեց վերամբարձ բառեր ասելը: Նրա խոսքով՝ ամեն ինչ ասում են հենց ստեղծագործությունները: Հոգու մտքի յուրահատուկ հանգստություն, հիանալի համադրած գույներ: Ռիմա Վարժապետյանն այսպես բնորոշեց տիկին Մարիայի և Աննայի ստեղծագործությունները: «Հպարտանում եմ հայ կանանցով: Ի դեպ, ես ինձ նույնպես համարում եմ հայ կին, իհարկե, հրեական ծագով»,-ավելացրեց Ռիմա Վարժապետյանը: