«Կուզենայի դստրիկիս եղբայր կամ քույր պարգևել». Նարինե Սուլթանյան
12/06/2014 19:48

«Կուզենայի դստրիկիս եղբայր կամ քույր պարգևել». Նարինե Սուլթանյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանն այն կանանցից է, ովքեր կարողանում են հաջող կերպով համատեղել կարիերան ընտանիքի հետ: Միևնույն ժամանակ, նա չի դադարում հեռուստադիտողներին ներկայանալ նորովի՝ ընդգծելով իր ինքնատիպությունը: Life.panorama.am-ը Նարինե Սուլթանյանի հետ զրուցել է մասնագիտական հարցերից, նրա ընտանիքից ու առաջիկայի երազանքից:

-Դերասանուհու ձեր մասնագիտությունն ամենաշատը, թերևս, կիրառել եք հաղորդավարության ոլորտում, այո՞:

-Տվյալ պահին «Նանե»-ի ձևաչափով հաղորդումը մեծ դերասանական տվյալներ չի պահանջում: Հետևաբար, կարելի է ասել, ներկա պահին իմ դերասանական հմտությունները դրսևորում եմ ֆիլմերի կրկնօրինակման ժամանակ:

-Եթե բավականաչափ ժամանակ ունենայիք, կխաղայի՞ք թատրոնում:

-Այո, կխաղայի, բայց թատրոնն , իսկապես, շատ ժամանակ և նվիրում է պահանջում , իսկ ես չեմ կարող ինձ թույլ տալ զբաղվել ամեն ինչով միաժամանակ: Ինձ ծանրաբեռնում եմ այնքան, որ կարողանամ ժամանակ հատկացնել հարազատներիս: Գուցե գա պահ, երբ հեռուստատեսությունը փոխարինեմ թատրոնով կամ ֆիլմում նկարահանվելով:

- Ֆիլմում նկարահանվելու հարմար հրավեր ստացե՞լ եք: Ի՞նչ չափանիշներով կառաջնորդվեք` նման առաջարկներ ընդունելու հարցում:

-Միանշանակ համաձայնությունս տալուց առաջ առաջնահերթ կընթերցեմ սցենարը, կզրուցեմ ռեժիսորի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք մեր գեղագիտական ճաշակը համընկնում է: Պետք է հետաքրքրված լինեմ կերպարով, որպեսզի կարողանամ աշխատել և այդ կերպարին տալ ուրույն դիմագիծ:

-Կա՞մի նոր հետաքրքիր համագործակցության առաջարկ, որի մասին կցանկանայիք պատմել:

-Առաջարկներ պարբերաբար լինում են, բայց նախապես չեմ ցանկանում խոսել դրանց մասին, այլ՝ ծրագրերն իրականացնելուց հետո միայն:

 

-Դուք համարվում եք հայաստանյան ամենաոճային հաղորդավարուհիներից մեկը. ըստ ձեզ, սեփական ոճը ստեղծելու համար կնոջն ի՞նչ է անհրաժեշտ:

-Նախևառաջ, անհրաժեշտ է ոճի զգացողություն, ինքնատիպություն, անընդհատ նորովի ներկայանալու ցանկություն: Սովորաբար հագուստը ստեղծում է հոգեվիճակ կամ, հակառակը, հոգեվիճակն է թելադրում օրվա տեսքը: Ամենակարևորը սեփական անձը ճիշտ մատուցելու կարողությունն է, հենց դա էլ ձևավորում է ոճ:

-Դուք այն եզակի կանանցից եք, ովքեր կարողանում են համատեղել կարիերան ընտանիքի հետ. այս դեպքում երկուսից մեկն, այնուամենայնիվ, չի՞տուժում:

-Իհարկե, փոքրիկ զոհողություններ լինում են՝ մի օր՝ հօգուտ ընտանիքիս, մի օր՝ հօգուտ աշխատանքիս, բայց աշխատում եմ ժամանակ տրամադրել ընտանիքիս անդամներին՝ չմոռանալով աշխատանքիս մասին: Նախքան ամուսնությունը ամբողջովին նվիրված էի իմ մասնագիտությանը: Բնական է, ընտանիքն արդեն որոշակի պատասխանատվություն է, և այն անտեսել ոչ մի դեպքում չի կարելի:

-Փոքրիկին ձեզնից ո՞վ է ավելի շատ ժամանակ հատկացնում. ձեր ամուսինը, թե՞դուք:

-Բնականաբար, ես, բայց ամուսինս էլ աջակցում է ինձ, երբ ես նկարահանումների եմ լինում:

- Ո՞րն է առաջիկայի ձեր ամենամեծ երազանքը:

-Երևի թե ես երազում եմ ավելի շատ հոգևոր արժեքների մասին. կուզենայի իմ շրջապատում ավելի շատ տեսնել ուրախ և երջանիկ դեմքեր, իսկ ինձ համար էլ, թերևս, կուզենայի դստրիկիս եղբայր կամ քույր պարգևել: 

«Կուզենայի դստրիկիս եղբայր կամ քույր պարգևել». Նարինե Սուլթանյան