Կուտակայինի մասին դիրքորոշումը պետք է փոխանցել գործատուներին. Փոխվարչապետ
13/06/2014 20:33

Կուտակայինի մասին դիրքորոշումը պետք է փոխանցել գործատուներին. Փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատություններում, ինչպես նաև մարզային սոցիալական ծառայություններում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքների և արձանագրված խախտումների հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման նախարարությունից:

Փոխվարչապետն անթույլատրելի է համարել նշված հաստատություններում խախտումների դեպքերը և մարզպետներին առաջարկել սեղմ ժամկետներում քննության առնել արձանագրված փաստերը, պարզել պատճառները, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Խորհրդակցությանը ներկայացվել են հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները, ինչպես նաև համայնքների աշխատավարձի գծով պարտքերի վերաբերյալ տվյալներ:

Նշվել է, որ 2014թ. ընթացքում պարտքեր են կուտակվել մի շարք մարզերում, ընդհանուր՝ 17,3 մլն դրամի չափով: Փոխվարչապետն անթույլատրելի է համարել ընթացիկ պարտքերի կուտակումը՝ նկատելով, որ հուլիսի 1-ից նախատեսվում է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացում, և համայնքներում պետք է առավելագույն ուշադրություն դարձվի բյուջետային կարգապահությանը՝ նախատեսված ծրագրերը և ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ և ողջ ծավալով իրականացնելու համար:

Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է խնդիրը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Ներկայացվել են նաև Արագածոտնում, Գեղարքունիքում և Շիրակում հատկապես հողի հարկի հավաքագրման գործընթացում հարկատուների ներգրավվածության վերաբերյալ վերլուծության արդյունքները: Փոխվարչապետը համապատասխան մարզպետների ուշադրությունն է հրավիրել տվյալներին՝ ընդգծելով բոլոր հարկատուների նկատմամբ հավասար մոտեցում կիրառելու անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ այս ոլորտում վարչարարության բարելավման առումով անելիքներ կան, և խնդիրը գտնվելու է Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում:

Անդրադարձ է եղել նաև գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից ՊՈԱԿ-ների կամ ՀՈԱԿ-ների վերակազմակերպման գործընթացին, ինչպես նաև մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատությունների կառավարման արդյունավետության հետ կապված հարցերի:

Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով սահմանված պահանջների կատարման խնդրին՝ ընդգծելով, որ կառավարությունը կարևորում է օրենքով նախատեսված մոտեցումների պահպանումը՝ առանց որևէ վերապահման կամ բացառությունների: Նա առաջարկել է կառավարության դիրքորոշումը փոխանցել նաև մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին:
 

Կուտակայինի մասին դիրքորոշումը պետք է փոխանցել գործատուներին. Փոխվարչապետ