ԱԳՆ. Ցեղասպանության միջոցառումներ կիրականացվեն տասնյակ պետություններում
13/06/2014 15:46

ԱԳՆ. Ցեղասպանության միջոցառումներ կիրականացվեն տասնյակ պետություններում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանական լսումներին, որոնք տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ելույթ ունենալով լսումներին ներկա պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների առջև` նախարար Նալբանդյանը ներկայացրել է  Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով սփյուռքի նախարարության և հայ համայնքային կառույցների հետ համակարգված գործունեության կարևորությունը։

«Դիվանագիտական ներկայացուցչություններից ստացված առաջարկությունների հիման վրա և նկատի առնելով հավատարմագրման յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները՝ կազմվել է 2014-15 թթ. միջոցառումների ծրագիր: Միջոցառումները նախատեսվում է իրականացնել տասնյակ պետություններում» - ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման միջազգային հանրության ջանքերին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ջանում է միանալ այդ ուղղությամբ գործադրվող այլ երկրների, միջազգային կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմների մշակմանը։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լսումների մասնակիցների բազմաթիվ հարցերին:
 

ԱԳՆ. Ցեղասպանության միջոցառումներ կիրականացվեն տասնյակ պետություններում