.jpg)
«Ոսկե ծիրան» 11-րդ փառատոն. Այս տարի ֆիլմերը թեմատիկ առումով նման չեն
«Ոսկե ծիրան» 11-րդ փառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին և կբացվի վերականգնված «Նռան գույնը» կինոժապավենով: Ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն Փարաջանովի այրին և ռեժիսորի հետ աշխատած արվեստագետներ:
Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ֆիլմերը թեմատիկ առումով նման չեն:
«Ոսկե ծիրանի» ֆիլմերի ծրագրերն այս տարի ավանդաբար պահպանում է չորս մրցույթները: Մասնավորապես` ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:
Ներկայացված ավելի քան 1500 հայտերից (շուրջ 95 երկրից) մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` Հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:
«Միջազգային խաղարկային մրցույթի» ժյուրիի կազմում են՝ կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլերը՝ Իտալիայից (Ժյուրիի նախագահ), օպերատոր Քրիստիան Բերգերը Ավստրիայից, գրող, սցենարիստ Պետրոս Մարկարիսը՝ Հունաստանից, կինոռեժիսոր Սրդան Գոլուբովիչը՝ Սերբիայից, դերասանուհի Աննա Մուգլալիսը՝ Ֆրանսիայից:
«Միջազգային վավերագրական մրցույթի» ժյուրիի անդամներն են՝ ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը Իտալիայից, կինոքննադատ Սերգեյ Տրիմաչը՝ Ուկրաինայից, կինոքննադատ Ջիոնա Նաձարոն՝ Շվեյցարիայից, ռեժիսոր Սվետոսլավ Ստոյանովը՝ Բուլղարիայից, կինոքննադատ Վիկտորիա Բելոպոլսկայան՝ Ռուսաստանից:
«Հայկական համայնապատկեր մրցույթի» ժյուրրի կազմում են կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին՝ Ֆրանսիայից, կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը՝ Լիտվայից, կինոռեժիսոր Մարիա Սահակյանը՝ Հայաստանից, պրոդյուսեր Կարեն Արիկյանը՝ ԱՄՆ-ից, կինոռեժիսոր Գեորգի Գոգիբերիձեն՝ Վրաստանից:
«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում են կինոգետ Էրեզ Փերին՝ Իսրայելից, պրոդյուսեր Ռոն Դայենսը՝ Ֆրանսիայից, կինոքննադատ Դիլյարա Տասբուլատովան՝ Ռուսաստանից:
ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի կազմում հրավիրված են ընդգրկվելու կինոքննադատներ Վիկտոր Մատիցենը (Ռուսաստան) և Պաուլո Պորտուգալը (Պորտուգալիա), իսկ ԷԿՈՒՄԵՆԻԿ ժյուրիի կազմում կլինեն Թեո Պեպորտեն, Միքայել Մոգրենը և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Նախորդող հրապարակում՝ Շառլ Ազնավուրը ներկա կլինի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին
Այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը նվիրվում է Փարաջանովի 90 ամյակին