.jpg)
Հակոբ Ինջիղուլյանը նոր նամակներ է ուղարկել. Դրանցից մեկում կան ջնջված տողեր
Ադրբաջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները նրանից նոր նամակներ են ստացել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայր Հարություն Ինջիղուլյանը.
«Ընդհանուր 4 նամակ ենք ստացել, դրանք ուղղված են ինձ, մայրիկիս, հայրիկիս ու քրոջս: Բավանդակությամբ ամենաերկարը մայրիկիս ուղղված նամակն է: Դրանում նշվում է, որ եղբայրս անգլերեն է պարապում, քանի որ շուտով տեղափոխվելու է երրորդ երկիր»,- ասաց Հարություն Ինջիղուլյանը:
Նա նշեց, որ նախորդ նամակներում խնդրել էր եղբորը, որ պատմի իրեն երրրորդ երկիր տեղափոխելու ու, առհասարակ, իր վիճակի մասին.
«Սակայն նամակներում այդ մասին ոչ մի մանրամասն չկա: Միայն նշել է, որ շատ ծանր է գերու կարգավիճակում ապրելը ու հույս հայտնել, որ շուտով ամեն բան կավարտվի: Մի ուշագրավ փաստ էլ` մայրիկիս նամակում մոտ 6 նախադասություն ձեռքով ջնջված է: Հակոբը ինչ-որ միտք է սկսել` «ես կփորձեմ» բառերով, որոնցից հետո էլ ջնջված են այդ նախադասությունները: Հիմա մեզ մոտ է ֆաքսով ուղարկված նամակի կրկնօրինակը, իսկ դրա բնօրինակը կստանանք մոտ մեկ շաբաթից: Հուսանք, գոնե դրանում հնարավոր կլինի կարդալ ջնջված տողերի բովանդակությունը»,- ասաց Հարություն Ինջիղուլյանը:
Aysor.am-ը Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից փորձեց պարզել` ի՞նչն է եղել այդ 6 նախադասությունը ջնջելու պատճառը:
«Պիտի ասեմ, որ մենք կատարել ենք մեր գործառույթն ու ժամանակին իրականացրել նամակների փոխանակություն: Բովանդակության վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ չենք կարող»,- ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին:
Նա դժվարացավ ասել նաև` այդ նախադասությունները ջնջվել են Ադրբեջանի իշխանությունների՞, թե՞ ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի կողմից:
Նախորդող հրապարակում՝ Հակոբ Ինջիղուլյանի հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Կարմիր խաչի մոտ