Ռոհանի. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչներն Իրաքի անվտանգությունը խաթարեն
13/06/2014 15:16

Ռոհանի. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչներն Իրաքի անվտանգությունը խաթարեն

Հասան Ռոհանին և Նուրի ալ-Մալեքին քննարկել են Իրաքում ծավալվող ահաբերկչական գործողությունների հարցը: Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալեքիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով վերջին օրերին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողություններին, նշել է. «Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են Իրաքի ժողովրդի կողքին: Թեհրանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով իր ողջ ջանքերը կգործադրի և ահաբեկիչների հովանավորներին թույլ չի տա, որ նրանք, ներթափանցելով Իրաք, խաթարեն այդ երկրի անվտանգությունն ու կայունությունը:

Իրաքի վարչապետը, շնորհակալություն հայտնելով Իրանի ցուցաբերած աջակցության համար, վստահեցրել է, որ Իրաքի բանակը շուտով երկիրը կմաքրի ահաբեկիչներից:

Նշենք, որ օրերս «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին:

Իսկ նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեն Փսակին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրաքի կառավարական ուժերի և «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին, նշել է, որ պաշտոնական Թեհրանը կարող է այս օրերին Իրաքում ծավալվող իրադարձություններում կառուցողական դեր ունենալ:

Ռոհանի. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչներն Իրաքի անվտանգությունը խաթարեն