.jpg)
ՀՀԿ խմբակցության ղեկավար. Կիսելյովին լուրջ չեմ վերաբերում
«Ես Կիսելյովին դիտարկում եմ որպես անհատ, այլ ոչ թե պետության կամ իշխանության կողմից լիազորված անձնավորություն և լուրջ չեմ վերաբերում իրեն»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի պահվածքին և աղմուկ հանած հայտարարություններին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ընդգծելով, որ չի արժևորում Կիսելյովին և նրա հայտարարությունները:
«Հայաստանի իշխանությունները երբեք չեն ժխտել, որ երկրում օտար լեզուներ պետք է ուսումնասիրել: Ռուսներն իրենք կարող են մեզ աջակցել, որ ռուսաց լեզվի մասով մեր ծրագրերը առաջ տանենք: Մենք շահագրգռված ենք, որ մեր նոր սերունդը շատ լեզուների տիրապետի, որ մեր երկիրն ավելի ներկայանալի լինի դրսում: Իսկ ինչ վերաբերում է խոսակցություններին, թե տաքսիստը չի կարողանում ռուսերեն խոսել, դրան ընդհանրապես լուրջ չեմ վերաբերում և նշանակություն չեմ տալիս»,- իր դիրքորոշումը մանրամասն ներկայացրեց Վ. Բաղդասարյանը` միևնույն ժամանակ ավելացնելով, որ ինքը բացակա է եղել Կիսելյովի հետ հանդիպմանը, հակառակ դեպքում պատասխան անպայման կհնչեցներ:
Հարցին, թե անհատի համար չափազանց ճոխ ընդունելություն չէր կազմակերպվել Հայաստանի Ազգային ժողովում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Ես չեմ կարծում, որ ընդունելությունն այդքան մեծ է եղել, պարզապես ԱԺ փոխնախագահն ի պաշտոնե, քանի որ հայ-ռուսական հանձնաժողովի նախագահն է, ընդունեց: Նաև փոխնախագահն իր շատ դիպուկ կարծիքը հայտնեց ԱԺ նիստում: Իսկ ընդհանրապես հյուրընկալությունը լավ բան է»,- ասաց նա և ավելացրեց, որ լրագրողների նկատած ճոխություններն ինքը չի նկատել:
Նշենք, որ «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը օրեր առաջ Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի:
Նախորդող հրապարակում` «Խաշած ժպիտներով նստածները թույլ տվեցին` ինչ-որ մի տեսաբան անհարգալից խոսի»