Գլխավոր դատախազ. Կաշառք պահանջելու դեպքում կարող եք դիմել անձամբ ինձ
14/06/2014 22:35

Գլխավոր դատախազ. Կաշառք պահանջելու դեպքում կարող եք դիմել անձամբ ինձ

Դատախազությունում կաշառքի դեմ պայքարը անողոք է, ինչը շատ դեպքերում դժգոհության տեղիք է տալիս: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ կաշառք պահանջելու դեպքերով քաղաքացիները կարող են դիմել իրավապահ մարմնին և իրեն:

«Երբ տեսնում ենք այդ կաշառքի աշխատանքի սխեման, դժգոհությունը շատ ավելին պետք է լիներ, քանի որ գոհ էին բոլորը՝ տուժողը, որի հետ բոլորը հարցերը լուծվել էին մինչև իրավապահ համակարգին հասնելը, գոհ էր կասկածյալը, կաշառակեր ոստիկանը, կաշառակեր քննիչը, կաշառակեր դատավորը, կաշառակեր դատախազը, բոլորը երջանիկ էին, որովհետև հասան իրենց ցանկալի արդյունքին, սակայն կաշառքի բացակայության սխեմայի դեպքում այդ ամբողջ զանգվածը դժգոհ է, որովհետև ոչ մեկը չհասավ իր համար առնվազն ողջամիտ ակնկալիքներ ունենալուն»,-ասաց Գ. Կոստանյանը:

Հարցին՝ հները գնացել են, որովհետև ազդակ են ստացել, որ կաշառք չեն կարող ստանա՞լ, ի՞նչ անել, որ նորերն էլ չդառնան հների պես, դատախազը պատասխանեց.

«Կա նման մտավախություն, որ նոր սերունդը կգա և կսկսի նույն սխեմայով աշխատել, բայց ես այդ մտավախությունը չունեմ, որովհետև խոսեցի սերնդափոխության մասին, որը միայն տարիքային չէ, այլև մտածողության: Նոր սերունդը ունի իր աչքի առջև նախկինի այն արատավոր երևույթները, որոնք շատ դեպքերում մարդկային ճակատագրեր են խեղել, և կոռուպցիան ու կաշառքը ունեցել են սովորույթին բնորոշ հատկանիշներ, դրա անունը դնում էին մաղարիչ և այլն: Այնուամենայնիվ, մեր երկրի պայմաններում դա հանգեցրել է վտանգավոր երևույթների և ճակատագարական ելք կարող է ունենալ մեզ համար:

Կոռուպցիան իրավապահ համակարգում շատ ավելի վտանգավոր հետևանքներ է առաջացնում, որովհետև կոռուպցիայի դեպքում ունենում ենք ոչ միայն անպատժելիության մթնոլորտ, այլև դա մեխանիկորեն հանգեցնում է հանցավորության աճին, իսկ դա կործանարար նշանակություն կունենա: Նոր սերնդի դատախազը այս հոգեբանությամբ է մոտենալու և մոտենում խնդրին: Ես մտավախություն չունեմ, որ մենք կվերադառնանք նախկինին»:

Գ. Կոստանյանը ասաց, որ պետք է բարձրանա նաև սոցիալական բավարարվածության մակարդակը, և այդ առումով ինքը ևս շատ մտահոգություններ չունի, որովհետև երբևէ դատախազը չի ունեցել սոցիալական պաշտպանվածության այդպիսի վիճակ, և հունիսի մեկից բավականին բարձրանալու են նաև դատախազների աշխատավարձերը, նաև երեք ամսի պարբերականությամբ կարողանում են խրախուսում տրամադրել դատախազներին՝ աշխատավարձի 100 տոկոսի չափով:

 

Գլխավոր դատախազ. Կաշառք պահանջելու դեպքում կարող եք դիմել անձամբ ինձ