.jpg)
Գլխավոր դատախազ. Վարդան Պետրոսյանի կալանավորման հիմքերը բավարար են
Դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորման համար, վստահեցնում եմ, որ առկա են բավարար հիմքեր: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ կալանավորումը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ մեղադրյալը կամ կասկածյալը ունի պաշտպանության կարիք:
«Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու երևույթի կամ դրա անհրաժեշտության մասին, մենք խոսում ենք ընդամենը երևույթի մասին, թե ինչո՞ւ այս մարդուն կալանքի տակ պահում են, այն մարդուն չեն պահում: Ես բազմիցս խոսել եմ, որ կալանավորումը կիրառելու հիմքերը առկա են և այն դեպքերում, երբ խոսում ենք դրա անհրաժեշտության մասին, ապա դա չկիրառելու դեպքում այն կարող է ամբողջությամբ խոչընդոտել արդարությանը կամ արդարադատության իրականացմանը: Նախաքննություն լինի, թե արդարադատության իրականացում, դատաքննության ընթացքում կալանքի հիմնավորումը պետք է դատարանի կողմից քննարկման առարկա դառնա»,-ասաց նա:
Գլխավոր դատախազի խոսքով՝ Վ. Պետրոսյանի դեպքում գործի հանգամանքները դատախազին բերել են այն համոզման, որ այս փուլում ամբաստանյալի խափանման միջոցների փոփոխումը կարող է հանգեցնել ռիսկերի, որոնք ունենում են նաև նախաքննության փուլում:
«Մարդու վաստակի, անձը բնութագրող հատկանիշների առկայությունը կարող են պատժի ընտրման հարցում որոշիչ լինել: Իսկ խափանման միջոց ընտրելիս մենք նորմ ունենք, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվում է հենց ամբաստանյալի պաշտպանության համար և շատ դեպքերում դա կասկածյալի կամ մեղադրյալի կյանքի անվտանգության համար է արվում: Ես չեմ կարող ասել, թե որո՞նք են այդ հիմքերը, բայց վստահեցնում եմ, որ դրանք բավարար են»,-ասաց Գ. Կոստանյանը:
Հիշեցնենք, որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանի գործ. Մեզ մի հատ ներողություն էր պետք ու դատը պրծնելու էր