Գևորգ Կոստանյան. Շատերը հեռացան՝ պաշտոնից ակնկալիքները փոխվելու պատճառով
14/06/2014 22:00

Գևորգ Կոստանյան. Շատերը հեռացան՝ պաշտոնից ակնկալիքները փոխվելու պատճառով

Դատախազության համակարգից շատերը հեռացան այն պատճառով, որ այլևս իրենց ակնկալիքները այդ պաշտոնից չէին կարող արդարանալ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված համակարգից մոտ 8 տասնյակ դատախազների ազատումը, Գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես կարող եմ խոսել միայն դատախազական համակարգում կադրային քաղաքականության մասին, որովհետև քննչական ապարատը, ըստ էության, որևէ կապ չունի: Դա ինձ համար կանխատեսելի էր և այդ մոտ 8 տասնյակ դատախազների շարքում կային պորֆեսիոնալ և ազնիվ դատախազներ, ովքեր տարբեր՝ սոցիալական, անձնական խնդիրների պատճառով դուրս եկան դատախազական համակարգից»:

Հարցին՝ ի՞նչը փոխվեց, որ հեռացան, նա պատասխանեց. «Ւմ՝ դատախազ նշանակվելու ժամանակ, երբ ԱԺ-ում ներկայացրեցի աշխատանքի տեսլականն ու սկզբունքները, մի քանի սկզբունք ներկայացրեցի, առաջինը՝ կաշառքի բացարձակ վերացում, պրոֆեսիոնալ վարքագիծ, պրոֆեսիոնալ աշխատանք և անվերապահ ապաքաղաքականացվածություն: Պաշտոնավարման սկզբում բազմաթիվ անձինք , այդ թվում իրենց կամքով, աշխատանքից ազատվելու դիմում գրեցին: Ես ավելի շատ կարծում եմ, որ մենք գործ ունենք այստեղ բնական սերնդափոխության հետ, այդ պահանջները, որոնք շատերին չէին բավարարում կամ ակնկալքիները տվյալ պաշտոնից չարդարացան և հեռանկարում անգամ չէին կարող արդարանալ, այդ մարդիկ լքեցին իրենց պաշտոնները: Այդ պահանջների ներդրումը գեներացրեց սերնդափոխությունը, որը արհեսատականորեն կասեցված էր բավականին երկար ժամանակ:

Ես չեմ ուզում խոսեմ պատճառների մասին, թե ի՞նչ հիմքերով մարդիկ լքեցին իրենց պաշտոնները, բայց կարող եմ փաստել, որ այն մտավախությունը, որ կար, որ դրա հետևանքով դատախազության աշխատանքը կկազմալուծվի և համակարգը կփլուզվի, չէր կարող իրականություն դառնալ: Այդ առումով ես գոհ եմ կադրային քաղաքականության արդյունքներից, որովհետև բազմաթիվ նոր սուբյեկտներ նշանակվեցին՝ նոր մտածողությամբ և գիտական ասպարեզում իրենց գործունեությունը ծավալած, ովքեր ակնկալիք չունեին, որ կարող են աշխատել դատախազի պաշտոնում: Այնուամենայնիվ, այսօր ունենք 30-ից ավել գիտությունների թեկնածու երիտասարդ կադրեր, ունենք իրավաբանական գործունեություն իրականցնող անձինք, ովքեր թափանցեցին դատախազական կորպուս, ինչը պետք է նպաստի դատախազի նոր կերպարի ձևավորմանը: Դատախազական համակարգի մեկ երրորդը նորացվեց, դա ինքնին նպաստեց դատախազի կերպարի փոփոխմանը, որովհետև այդ կերպարը մեզանում աղավաղված էր: Թե խորհրդային, թե հետխորհրդային ժամանակահատվածում այն ասոցացվում էր մի պաշտոնի հետ, ով ունակ է իր հայեցողությամբ որոշելու՝ մարդը ազատվի՞, թե ոչ, պատասխանատվության ենթարկվի, թե ոչ:

Նախորդող հրապարակում՝ Դատախազությունում պաշտոնանկությունների գործընթացը սառեցվել է

Գևորգ Կոստանյան. Շատերը հեռացան՝ պաշտոնից ակնկալիքները փոխվելու պատճառով