Հասան Ռոհանի. Իրանն ու ԱՄՆ-ն Իրաքի հարցում կարող են համագործակցել
14/06/2014 15:30

Հասան Ռոհանի. Իրանն ու ԱՄՆ-ն Իրաքի հարցում կարող են համագործակցել

Իրանը պատրաստ է Իրաքին միջազգային նորմերի շրջանակներում օգնություն ցուցաբերել: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահն այսօր տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Եթե Իրաքի կառավարությունը մեզանից օգնություն խնդրի, ապա մենք այդ հարցը կքննարկենք և միջազգային նորմերի շրջանակներում Իրաքին օգնություն կցուցաբերենք: Մենք այլ ճանապարհ չունենք, քան ահաբեկիչների դեմ պայքարել»:

Այն հարցին, թե Իրանը ԱՄՆ-ի հետ կհամագործակցի՞ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, Իրանի նախագահը պատասխանել է. «Բոլոր երկրները պետք է պայքարեն դրա դեմ. Միացյալ Նահանգները դեռ այդ հարցում քայլ չեն կատարել, երբ որ սկսեցին գործել, այդ դեպքում կարելի է մտածել ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին»:

«Մենք դեռ մեկ տարի առաջ էինք նախազգուշացնում ահաբեկիչության վտանգի մասին, սակայն որոշ հզոր պետություններ շարունակում էին ահաբեկիչներին զենք տրամադրել. Նույնիսկ ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել էր, որ Սիրիայի նախագահական ընտրություններից հետո ահաբեկիչներին հավելյալ զինտեխնիկայով կապահովեն. Եթե այդ տեղեկատվությունը հավաստի է, ապա ես ցավում եմ. Բոլորը պետք է միահամուռ ջանքերով պայքարեն ահաբեկիչների դեմ»,-հավելել է Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը, անդրադառնալով «5+1 խմբի» և Իրանի միջև վերջնական համաձայնություն ձեռք բերվելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Եթե հինգ շաբաթ անց հակառակ կողմը բարի կամք ցուցաբերի, ապա կարող ենք վերջնական համաձայնության հասնել, որն էլ տարածաշրջանի և աշխարհի ամենանշանակալի քաղաքական համաձայնություններից մեկը կլինի»:

Հավելենք, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ամերիկյան «Վաշինգտոն փոստ» պարբերականում թողարկված հոդվածում հույս էր հայտնել, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Իրանն ու «5+1 խումբը» կհասնեն համապարփակ համաձայնության:

Միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունիսի 16-20-ը Վիեննայում: 

Հասան Ռոհանի. Իրանն ու ԱՄՆ-ն Իրաքի հարցում կարող են համագործակցել