.jpg)
Իսլամականների նոր թիրախը, ի՞նչ է սպասվում Իրաքին
Երբ «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) կազմակերպությունը 2012թ-ից հայտարարեց սիրիական հակամարտությունում իր ներգրավվման մասին, քչերն էին հավատում, որ «ալ-Կաիդա»-ի ճյուղավորումներից մեկը հանդիսացող այդ կառույցը շատ արագ կարող է ազդեցիկ ուժ դառնալ սիրիական հակամարտությունում ներգրավված ընդդիմադիր զինյալ խմբավորումների շրջանում՝ մեկը մյուսի հետևից գրավելով տարածքներ Սիրիայում, իսկ 2013թ-ի վերջից և 2014թ-ի սկզբից տարածքներ նվաճելով հարևան Իրաքում:
Իր կողմից վերահսկվող սիրիական տարածքներից ԻՇԻՊ-ը, չսահմանափակվելով ձեռքբերածով, հարձակումներ էր իրականացնում սիրիական այլ շրջաններում ամրացած ինչպես կառավարական, այնպես էլ ընդդիմադիր խմբավորումների դիրքերի նկատմամբ, որոնք կարելի էր հիմնավորել Սիրիայում ընթացող պատերազմի տրամաբանությունից: Սակայն, 2014թ-ի հունիսի սկզբից իսլամականների կողմից արդեն Իրաքում լայնամասշտաբ գործողությունների դիմելը մտորումների տեղիք է տալիս:
Այնուամենայնիվ, ինչպե՞ս է կարողանում ԻՇԻՊ-ը Սիրիայում և Իրաքում լայնածավալ տարածքների վրա վերահսկողություն ունենալ՝ միաժամանակ հարձակումներ իրականացնելով իր տիրապետության սահմաններից դուրս: Այստեղ տեղին է մատնանշել 3 հանգամանք, որոնք կարող են որոշակի լույս սփռել՝
1. Եթե սիրիական կառավարական ուժերի բացակայությունը ԻՇԻՊ-ի կողմից վերահսկվող Հալեպի, ալ-Ռակայի և Դեր Զորի զգալի հատվածներում հասկանալի է Սիրիայի ներսում վարվող ռազմական գործողությունների համատեքստում, ապա Իրաքում, կարծես, իսլամականները պետք է որոշակի խոչընդոտների հանդիպեին, ինչը, սակայն, չի նկատվում: Պատճառները կարելի է փնտրել Իրաքում, որոնք պայմանավորված են նաև Նուրի ալ-Մալիքիի գլխավորած իրաքյան ներկայիս շիական վարչակարգի ձախողված քաղաքականությամբ հատկապես իրաքյան սուննիաբնակ տարածքներում: Սադամ Հուսեինի սուննիական իշխանությունների տապալումից հետո շիական իշխանությունների անհեռատես քաղաքական վարքագիծը սուննիներով բնակեցված արևմտյան տարածքների նկատմամբ (այս տարածքներում խստացված հակահաբեկչական օրենքները, այս տարածքներում էթնո-դավանաբանական կոչերով միախառնված կառավարական ուժերի հակաահաբեկչական ռազմարշավները, սուննի բնակչության նկատմամբ ճնշումներն ու հալածանքները և այլն), հանգեցրեց նրան, որ ԻՇԻՊ-ի զինյալների առաջխաղացումը դեպի Իրաքի խորքերը տեղաբնիկների մոտ դիտվեց որպես շիական իշխանություններից ազատվելու միջոց:
2. ԻՇԻՊ-ի գործողություններում նկատվող մոտիվացիան և գաղափարական հիմնավորումները նույնպես կարևոր դեր խաղացին: Մինչ տարածաշրջանային իսլամական շատ ուժեր հայտարարում են, որ պայքարում են իսլամական պետություն ստեղծելու համար, ԻՇԻՊ-ն իր անվանումով («Իրաքում և Շամում իսլամական պետություն») ենթադրում է արդեն «իսլամական պետության» գոյություն, որին կարող են միանալ մուսուլմանները, իսկ իր առաջնորդի՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի անվանարկման մեջ Մուհամմադ մարգարեի ցեղի վկայակոչումը (Աբու Բաքր ալ-Բաղդադի ալ-Կուրայշի) նպատակ է հետապնդում ընդգծել մարգարեի ցեղին պատկանող ԻՇԻՊ-ի առաջնորդի անձի կարևորությունն ու առանձնահատուկ վերաբերմունքը մուսուլմանների կողմից:
3. ԻՇԻՊ-ի ֆինանսական ռեսուրսները հնարավորություն են տալիս իսլամականներին սպառազինվելու, նոր անդամներ հավաքագրելու և ռազմական կոմպանիաների վրա զգալի միջոցներ ծախսելու համար: ԻՇԻՊ-ը վայելում է տարածաշրջանային որոշ երկրների ֆինանսական կենտրոնների և առանձին անհատ հովանավորների ֆինանսական օժանդակությունը: Բացի դա, ԻՇԻՊ-ի վերահսկողության տակ են էներգակիրներով հարուստ սիրիական որոշ տարածքներ, որտեղ կառույցը զբաղվում է նավթա-գազային պաշարների վաճառքով, ինչպես նաև, կարողանում է որոշակի օգուտներ քաղել հարակից սիրիական տարածքներով անցնող նավթամուղերով և գազամուղերով փոխադրվող էներգետիկ ռեսուրսների ապահով տեղափոխման համար, ինչը ևս լրացուցիչ ֆինանսական հոսքեր է ապահովում կառույցին:
Իրաքում տեղի ունեցող զարգացումներում մի բան ևս հստակ է դառնում: ԻՇԻՊ-ը միակ ուժը չէ, ով կանգնած է այս հարձակումների հետևում: Կան տեղեկություններ, որ ԻՇԻՊ-ի զինյալների հետ միասին իրաքյան ուժերի դեմ պայքարում են նաև այլ ուժեր: Մասնավորապես իրաքյան կառավարական ուժերի դեմ պայքարում նկատվել են Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեինի զինակիցներից բաղկացած սուննիական աշխարհիկ ստորաբաժանումներ, ինչպես նաև որոշ իսլամական կրոնական ուժեր, մասնավորապես սուֆֆիական իսլամական «Նակշբանդիա» միաբանության զինյալ խմբերը և որոշ ցեղերից բաղկացած խմբավորումներ: Վերջիններս հավանաբար առաջնային դերակատարում են ունեցել Մոսուլի և, այնուհետև, Թիքրիթի ուղղությամբ զինյալ խմբավորումների հարձակումների մարտավարության ժամանակ:
Իրաքում ստեղծված ներկա իրավիճակը հիշեցնում է աֆրիկյան Մալիի հյուսիսում 2012թ-ի սկզբին տեղի ունեցած զարգացումները, երբ մեծ թվով զինյալներ մեկը մյուսի հետևից նվաճեցին Մալիի հյուսիսային մի շարք բնակավայրեր: Իհարկե՝ միջազգային ռազմական միջամտությունն իրեն սպասեցնել չտվեց, և միայն կոալիցիոն ուժերի ներգրավմամբ Մալիի դեպքերին հնարավորություն տվեց կասեցնել զինյալների առաջխաղացումը (Մալիում նույնպես կառավարական ուժերին ընդդիմադիր ճամբարը միայն իսլամականներով չէր ներկայացված): Ինչևէ՝ իրաքյան զարագացումները նույնպես կարող են միջազգային արձագանքի արժանանալ, և Մալիի օրինակով ականատես լինենք Իրաքում միջազգային ռազմական միջամտության, սակայն, իրողությունը շատ ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել, և միգուցե կարճաժամկետ ապագայում դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ, սակայն երկարաժամկետ հեռանկարում Իրաքում առկա հիմնախնդիրները մնալու են չլուծված: