Որո՞նք էին Հասան Ռոհանիի մեկամյա կառավարման կարևորագույն ձեռքբերումները
14/06/2014 18:15

Որո՞նք էին Հասան Ռոհանիի մեկամյա կառավարման կարևորագույն ձեռքբերումները

Այսօր լրանում է 2013թ. Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մեկ տարին: Այդ առնչությամբ ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանին տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմում էր կազմակերպել, որի ընթացքում անդրադարձավ երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն խնդիրներին: Բայցի այդ, պաշտոնավարման մեկամյակի առթիվ Ռոհանին հանդիպման էր հրավիրել նախագահական ընտրությունների իր մրցակից թեկնածուներին, վերջիններիս հետ քննարկելով երկրի առջև ծառացած խնդիրները:

Ի՞նչ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան Հասան Ռոհանիի մեկամյա գործունեության ընթացքում, որոնք լուրջ նախադրյալներ ստեղծեցին երկրի քաղաքական և տնտեսական հետագա զարգացման, պատերազմի սպառնալիքի վերացման և տարածաշրջանում Իրանի դերի բարձրացման համար:

• 2013թ. սեպտեմբերի 28-ին Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

• Հասան Ռոհանիի կառավարման շրջանում «5+1 խմբի» հետ բանակցություններ վարելու լիազորություններն ազգային անվտանգության բարձրագույն խորհդրի քարտուղարից անցան արտագործնախարարին:

• Հունվարի սկզբին Հասան Ռոհանին Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով մեկնեց Շվեյցարիա. Այցից որոշ ժամանակ անց 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ամենամեծ պատվիրակությունը մեկնեց Իրան, որի նպատակն Իրանի գործարար միջավայրն ուսումնասիրելն ու իրանցի գործարարների հետ հետագա համագործակցության ուղիներ փնտրելն էր:

• Հունվարի 20-ից արդեն ուժի մեջ մտավ Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացավ «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

• Ժնևյան համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

• Իսրայելի հետ գերլարված հարաբերությունները փոքր-ինչ թուլացնելու նպատակով Իրանի նախագահը շնորհավորեց հրեաներին ազգային տոնի առթիվ, իսկ ԱԳ նախարարը դատապարտեց նացիստների կողմից հրեաների կոտորածը:

• Ռոհանիի կառավարությունն ավելացրեց զինված ուժերին և ուժային կառույցներին հատկացվող ֆինանսավորումը:

Մեկ տարին բավական քիչ ժամանակահատված է Իրանի պես երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար, սակայն ամփոփելով Հասան Ռոհանիի մեկամյա գործունեությունը՝ կարող ենք փաստել, որ մեկ տարվա ընթացքում ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ, գործող նախագահին հաջողվեց որոշակիորեն հաղթահարել երկրի զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ, ինչպիսիք տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացումը, տնտեսության կայունացումն ու պատերազմի վտանգի չեզոքացումն է:
 

Որո՞նք էին Հասան Ռոհանիի մեկամյա կառավարման կարևորագույն ձեռքբերումները