.jpg)
Քառյակը նույնպես պետք է մասնակից լինի գործողություններին. ԱԺ նախագահ
Քառյակի ներկայացրած այն կետերը, որոնք իշխանությունն ի վիճակի է կատարել, կկատարի, անկախ քառյակի պահանջներից և առավել ևս` հանրահավաքներ անելու հեռանկարից։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` ընդգծելով, որ դրանց մեծ մասը հնարավոր է կատարել, եթե քառյակն էլ մասնակից դառնա գործողություններին:
Քառյակի ներկայացրած 12 կետերի պահանջների հիմնական մասը, ԱԺ նախագահի խոսքով, ընդգրկված է նաև կառավարության ծրագրում. «Օրինակ` փոքր և միջին բիզնեսի կետը. Այսինքն` ներկայացվել են կետեր, որոնք հիմքեր ունի պետությունը կատարելու, բնականաբար այդ ճանապարհով գնալու ենք։ Նույնիսկ եթե չկատարվեն էլ, օգնող են, բայց ես կարծում եմ, որ դրանց մեծ մասը հնարավոր է կատարել։ Կատարել ոչ թե նրա համար, որ իրենք միտինգ պետք է անեն... Դե միտինգ կարող են այսօր էլ անել, եթե հասարակական պահանջ լիներ, վաղուց միտինգները կանեին... այլ նրա համար, որ մեր ժողովրդի ցանկությունը դա է»:
Գ. Սահակյանն ասաց, որ որքան էլ ընդդիմությունը կարողանա միասնական խնդիրներ դնել, իսկ կառավարությունն էլ` քննարկելի դարձնի իր համար, համատեղ աշխատանքի դաշտ կստեղծվի. «Վերջին հաշվով` ընդդիմությունը պիտի հասկանա, որ ինչպես քաղաքացիական նախաձեռնություններն են կառավարման պրոցեսներին մաս դարձել, իրենք նույնպես պետք է մաս դառնան: Ասել, որ եթե իշխանությունները մեր պահանջնեը չանեն, մենք միտինգ ենք անելու, կարծում եմ՝ նման բաները պիտի հանել քաղաքական դաշտից, որովհետև վետո դնելով՝ խնդիրները չեն լուծվում»:
Անհրաժեշտ է, շարունակեց խոսքը ԱԺ նախագահը, խնդիրներ առաջարկել ու հետամուտ լինել դրանց լուծմանը. «Քաղաքական ուժերը պետք է ունկնդրեն ոչ միայն քաղաքական ուժերին, այլև` հասարակական ներկայացուցչությանը, և պետք է հասարակությանը ներկայացվեն կատարված աշխատանքները, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի քաղաքական դաշտում»:
Պատասխանելով հարցին, թե մեծամասնությունը փոխե՞լ է իր կարծիքը ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու հարցում, քանի որ մշտապես դեմ է արտահայտվել, ԱԺ նախագահը հիշեցրեց, որ առաջ է քաշված սահմանադրական բարեփոխումների հարցը.
«Մենք չենք ուզում մեր կարծիքն ամրագրել ընդհանուր քննարկումներին և չենք ուզում ուղղորդողի դեր կատարել։ Երբ հասարակական պահանջ կառաջանա այս կամ այն խնդրի վերաբերյալ, այդ ժամանակ մենք կքննարկենք և կգնահատենք հասարակական պահանջը»: