.jpg)
Լարսում կորած քաղաքացիների դիերը հայտնաբերվել են՝ անճանաչելի վիճակում
Հունիսի 16-ին` ժամը 09:50-ին, գտնվել է այս տարվա մայիսի 17-ին ներքին Լարսի հզոր փլուզման ժամանակ անհետ կորած քաղաքացիներից մեկի դին, որի անձը պարզված չէ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը:
Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, աղետի գոտուց անվտանգ տարածք էր տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացի, ովքեր չէին տուժել:
Մայիսի 27-ին՝ ժամը 14:43-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում:
Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:
Միաժամանակ ԱԻՆ-ը հիշեցնում է, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09:20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն: