Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին երաշխավորությամբ ազատ է արձակվել
16/06/2014 14:03

Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին երաշխավորությամբ ազատ է արձակվել

Հունիսի 6-ին հնչած կրակոցների գործով ձերբակալված Սամվել Քոթանջյանը երաշխավորությամբ ազատ է արձակվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ս. Քոթանջյանը Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին է:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին էր ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակը` հայտարարելով, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:

Սամվել Ք.-ն ձերբակալվել էր, ատրճանակը` ուղարկվել փորձաքննության:

Նախորդող հրապարակում՝ Արայիկ Քոթանջյանի որդու հետ միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է 

Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին երաշխավորությամբ ազատ է արձակվել