Անվտա՞նգ են պաղպաղակները և որքանով է իրազեկ սպառողը
17/06/2014 20:35

Անվտա՞նգ են պաղպաղակները և որքանով է իրազեկ սպառողը

Տարեկան մեկ անգամ ՍԱՊԾ-ն պլանային ստուգումներ է իրականացնում պաղպաղակի շուկայում և եթե, դրանից բացի, անհատներից ահազանգեր չեն լինում Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ չի անցկացնում: Aysor.am-ին այս մասին ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Արմինե Սուքիասյանը` պատասխանելով պաղպաղակի շուկայի վերաբերյալ հարցին:

Նաև հավելեց, որ առանց ահազանգի չեն կարող ստուգումներ իրականանցել. «Տարին նոր է սկսվում, և դեռևս ստուգումներ են իրականացվել երկու ընկերությունում, հայտնաբերվել են խախտումներ: Ամռան սեզոնին կաթնամթերքի շուկան ընդհանապես ուշադրության կենտրոնում է»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները: Նշենք, որ դրանք շտկվել են, արգելանքը հանվել է:

ՍԱՊԾ պետի 2014 թ. մայիսի 30-ի հրամանով արգելվել էր «Թամարա» ՍՊԸ-ի կողմից «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը. Խախտումները վերացվել են:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ուսումնասիրել է պաղպաղակի շուկան, հայտնաբերել են ավելի շատ խախտումներ, քան ՍԱՊԾ-ն:

Aysor.am-ի հետ զրույցում ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը նշեց, որ պաղպաղակի շուկան ուսումնասիրելիս՝ հայտնաբերվել են անվտանգության խախտումներ, որից ելնելով իրացման ցանցում իրականացվել են դիտարկումներ, մթերքները ենթարկել են փորձաքննության: ՀԿ-ն, չցանկանալով կենտրոնանալ որևէ արտադրողի վրա, նպատակ է դրել վերհանել շուկայի բացթողումները:

Բ. Պիպոյանի խոսքով՝ ուսումնասիրությունը կատարել են` ելնելով սպառողների շահերից, այն է` անվտանգ են արդյոք այն պաղպաղակենրը, որոնք առաջարկվում են սպառողին:

ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ հաճախ է սպառողը հայտնվում մոլորության մեջ, քանի որ տեղյակ չլինելով, թե ինչ բաղադրություն ունի պաղպաղակը, չունի ընտրելու հնարավորություն` գնել կոկոսի յուղով, թե՞ բուսայուղով պաղպաղակ, պետք է նաև նշված լինի, թե որքան է այս կամ այն յուղի քանակը, ժամկետը, հստակ մակնշված է և այլն. «Կաթնամթերքի շուկան, մասնավորապես պաղպաղակի շուկան եղել և մնում է բարձր ռիսկայնության»:

Նա առաջարկում է դիտարկում կատարել պաղպաղակի շուկայում, իրացման ցանցում և խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ իրականացնել կասեցում, եթե արձանագրվում է սննդամթերքի անվտանգության խնդիր, ապա արգելվի վաճառքը:
«Մենք ցանկանում ենք ունենալ պաշտպանված սպառող, ոչ թե վնաս հասցնենք այս կամ այն տնտեսվարողին»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը:

Նշենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ուսումնասիրություն էր կատարել պաղպաղակի շուկայում: Ուսումնասիրվել է տարբեր իրացման կետերից ձեռք բերված պաղպաղակների: Հայտնաբերվել էին մի շարք խախտումներ` արտադրության օրվա մակնշման բացակայություն, պաղպաղակների վրա բուսայուղի առկայության բացակայություն, նշված չի եղել պաղպաղակի տեսակը, ոչ ընթեռնելի մակնշում, հայերեն մակնշման բացակայություն և սննդային հավելումների անվանումների մակնշման բացակայություն:

ՀԿ-ն ուսումնասիրել է «Անի և Թամարա», «Աշտարակ կաթ», «Ասա», «Գրանդ Քենդի», «Երևան կաթ, «Էլիտ Շանթ», «Թամարա». «Բոնիլատ», «Բիոկաթ»:

Անվտա՞նգ են պաղպաղակները և որքանով է իրազեկ սպառողը