Կարմի Խաչի մոտ՝ նամակ պատռելն ընդունված պրակիտիկա է. Լարիսա Ալավերդյան
17/06/2014 19:21

Կարմի Խաչի մոտ՝ նամակ պատռելն ընդունված պրակիտիկա է. Լարիսա Ալավերդյան

Կարմիր Խաչի մոտ ընդունված պրակտիկա է նամակներ պատռելը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Կարմիր Խաչի կողմից Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի նամակի տողերը ջնջելու հանգամանքին: «Ցավոք, եթե Կարմիր Խաչը գտնում է, որ այդտեղ կան այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են դուր չգալ Ադրբեջանի պատասխանատու այս կամ այն մարմիններին, ապա դրանք ջնջվում են: Ըստ Կարմիր Խաչի կոնցեպցիայի՝ դա արվում է նաև հօգուտ այն անձի, ով գտնվում է գերության մեջ: Սա առաջին դեպքը չէ, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այս կերպ են վարվում: Նամակի տողերը ջնջվում են գիտակցելով, որ դա կարող է վնասել հենց Հակոբ Ինջիղուլյանին՝ եթե հաշվի առնենք նաև այն, թե որ երկրում է գտնվում նա»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ դա խոսում է այն մասին, որ դեռ բաց է մնում Ինջիղուլյանի տեղափոխման հարցը: «Որքան շուտ նա տեղափոխվի այլ երկիր, այնքան շուտ մենք կկարողանանք շունչ քաշել»,- հավելեց նա:

Դիտարկմանը՝ ՀԿ-ների մեծ մասը գտնում է, որ Կարմիր Խաչը կամ միջազգային որևէ այլ կառույց որևէ լծակներ չունի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ Լ. Ալավեդյանը շեշտեց. «Երբեք էլ չեն ունեցել: Սա նորություն չէ: Կարմիր Խաչն անում է ամեն ինչ, որ իր ներկայությունը պահպանի Ադրբեջանում: Նա ունի մեկ խնդիր. մնալ այնտեղ ու պաշտպանել այդ երկրի շահերը»,- նշեց նա:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ հարցի էությունը կփոխվի, եթե Հայաստանի գերիների ու անհայտ կորածների հանձնաժողովը դիմի ու պահանջի այցելություն, ոչ թե Բաքվի, այլ որևէ այլ երկրի Կարմիր Խաչի ներկայացչի հետ՝ լինի դա միջազգային, թե որևէ այլ պետական կառույցի ներկայացուցչի ուղեկցութամբ: Ըստ նրա՝ այդպիսի նախադեպ ժամանակին տեղի է ունեցել, սակայն ոչ թե պետական կառույցների, այլ հասարակական կազմակերպությունների ջանքերով:

«Ժամանակին հասարակական մակարդակով աշխատում էր մի քառյակ, որում ընդգրկված էին Գերմանիայի, Վրաստանի, Արցախի, Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք այցելում էին պատանդներին կամ ռազմագերիներին, ադրբեջանցիներին՝ Հայաստանում, հայերին՝ Ադրբեջանում: Դա բավական վստահության մթնոլորտ էր ստեղծում և անհանգստությունները մեղմացնում էր»,- հավելեց նա՝ նշելով, որ նման մոտեցումը կիրառելը ճիշտ կլինի:

Նախորդող հրապարակում՝ Հակոբ Ինջիղուլյանը նոր նամակներ է ուղարկել. Դրանցից մեկում կան ջնջված տողեր
 

Կարմի Խաչի մոտ՝ նամակ պատռելն ընդունված պրակիտիկա է. Լարիսա Ալավերդյան