Հայ-վրացական հարաբերությունները կբարձրանան որակական նոր մակարդակի
18/06/2014 20:16

Հայ-վրացական հարաբերությունները կբարձրանան որակական նոր մակարդակի

Այսօր մեկնարկում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան, որի շրջանակներում երկրի ղեկավարը հանդիպումներ կունենա Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Հայ-վրացական հարաբերությունների խորացումը կարևորվում է թե Երևանի, թե Թբիլիսիի կողմից: Երկրների միջև բավականին ակտիվ են երկկողմ այցերը՝ բոլոր մակարդակներով:

Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանի տարածաշրջանային անվտանգության ռազմավարությունը ենթադրում է հարևան երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատում, այդ թվում Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա խորացում ու բազմաբնույթ ծրագրերի իրականացում:

Հայ-վրացական համագործակցության կարևոր բաղկացուցիչն է էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունը: Հայաստանի համար Վրաստանը կարևոր տարանցման երկիր է, յուրօրինակ պատուհան դեպի արտաքին աշխարհ և այդ երկրի տարածքով են անցնում հայկական տնտեսության համար կենսական նշանակության կոմունիկացիաները՝ երկաթգիծ, որը Հայաստանը կապում է սևծովյան Բաթում և Փոթի նավահանգիստների հետ, Ռուսաստանի հետ կապող ավտոմայրուղին՝դեպի Վերին Լարս, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան գազամուղի մի հատվածը:

Հայաստանի համար կարևոր է Վրաստանի կայունությունը, տնտեսական վերելքն ու երկու երկրների միջև կապող կարևորագույն գործոն հանդիսացող վիրահայոց համայնքի հզորացումը: Երևանի համար կարևոր է տեղի հայության ակտիվ ներգրավումը վրացական հասարակական կյանքի բոլոր ոլորտներ՝շեշտը դնելով նաև հայապահպանության վրա:

Վրաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը կարևորվում է նաև տարածաշրջանային ուժերի բալանսը պահպանելու և բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացման առումով:
Վրաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում կարևորվում է Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ տնտեսական ծրագրերի իրականացումը, այդ թվում Հայաստանի հետ:

Չնայած արտաքին քաղաքական տարբեր ուղենիշներին և Վրաստանի կողմից ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և եվրոատլանտյան ձգտումները, հայ-վրացական հարաբերությունները դրանից չպետք է տուժեն, ինչի մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի առաջնորդը նշել էր, որ ՀՀ-ի որոշումը` միանալու ՄՄ-ին և Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չեն խոչընդոտի երկկողմ հարաբերություններին և կնպաստեն հայ և վրացի գործարարների համագործակցությանը:

Ինչ վերաբերվում է Վրաստանի հետաքրքությանը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով, ապա Թբիլիսին հետաքրքված է Հյուսիս-Հարավ ծրագրի կյանքի կոչմամբ: 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը կապահովի Հայաստանի հարավային սահմանից երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ:

Վրացական կողմը հետաքրքված է նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմամբ, քանի որ այդ դեպքում Վրաստանը օգտագործելով Հայաստանի տարանցման հնարավորությունները կկապվի Իրանի բազմամիլիոնանոց շուկայի հետ և դուրս կգա դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ:

Հայ-վրացական տնտեսական համագործակցության մեկ այլ կարևոր ոլորտ վերաբերվում է էներգետիկային: Այս տարվա ապրիլին Հայաստանը և Վրաստանը 500 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման մասին լրացուցիչ պայմանագիր ստորագրեցին:

Ստորագրված լրացուցիչ պայմանագրով նախատեսվում է 500 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում՝ նախկինում նախատեսված 400 կՎ-ի փոխարեն, ինչպես նաև Հայաստանի տարածքում բարձրտեխնոլոգիական սարքավորման տեղադրում, որը հնարավորություն կտա համապատասխանեցնել երկու երկրների էներգետիկ համակարգերը, ավելացնել էլեկտրահաղորդման գծի թողունակությունը և կնպաստի համակարգի կայունության ապահովմանը:

Վրաստան-Հայաստան հարաբերությունները խորանում են նաև ռազմական համագործակցության ոլորտում՝ պաշտպանական գերատեսչությունների մակարդակով: Այս տարվա հունվարի 28-ից-29ը Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի ՊՆ պատվիրակության այցի ընթացքում կողմերն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2014թ.-ի ծրագիրը:

Հայ-վրացական հարաբերությունների խորացման և երկկողմ շփումների դյուրացման համար կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի պետական սահմանների «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացման ծրագիրը: Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է ծրագրի 30.8 մլն եվրոյի ներդրումային վարկը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը գնահատվում է 60 մլն եվրո:

2013 թ.-ի արդյունքներով հայ-վրացական ապրանքաշրջանառությունը կազմել է $151,9 միլիոն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 26,9%-ով:

Այսպիսով, հայ-վրացական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ պետք է զարգացնել նաև տնտեսական կապերը, որտեղ առկա է չօգտագործված մեծ պոտենցիալ:

Հայ-վրացական հարաբերությունները կբարձրանան որակական նոր մակարդակի