Մեկնարկել է EFSE տարեկան հանդիպումը
18/06/2014 20:00

Մեկնարկել է EFSE տարեկան հանդիպումը

Հունիսի 17-19-ը Երևանում անց է կացվում Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) տարեկան հանդիպումը, որին մասնակցում են շուրջ 200 փորձագետներ Հարավարևելյան Եվրոպայի և Եվրոպայի արևելյան հարևանության տարածաշրջանից: Հանդիպման կարգախոսն է «16 երկիր... և ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները...»:

Համաժողովի փորձագետներն ու ֆինանսական ոլորտի մասնագետները քննարկելու են վերջին տնտեսական զարգացումները, հատկապես միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորման, ռիսկերի կառավարման և գյուղատնտեսության վարկավորման ոլորտներում:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Հայաստանի ակտիվ համագործակցությունը EFSE-ի հետ սկսվել է 2010 թ-ին: Դրա համար կարևոր նախապայման հանդիսացավ այն հանգամանքը, որ ֆոնդի նախաձեռնողն ու հիմնադիրը KFW բանկն էր, որի հետ համագործակցության ընթացքում մենք որևիցե ձախողում չենք ունեցել»:

Նշենք, որ Հիմնադրամը ստացել է 300 մլն դրամի հավելյալ կապիտալ ՀՀ ԿԲ-ի դուստր ձեռնարկության` Փոքր և միջին բիզնեսի վարկավորման աջակցություն ՓԲԸ-ից` ամրապնդելու ՀՀ արժույթի կիրառելիության հնարավորությունը:

Ընկերությունը, որը ստեղծվել է 2011թ-ին, 875 մլն դրամ է ներդրել տեղական արժույթով միկրո և փոքր բիզնեսների վարկավորման աջակցության և խթանման նպատակով: Այս ներդրմամբ EFSE-ի կողմից փոքր և միջին բիզնեսի վարկավորման աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 1,5 մլրդ դրամի: Բացի այդ, 2014թ-ի երկրորդ եռամսյակում EFSE-ն կունենա 43,9 մլն եվրո շրջանառվող ներդրումներ Հայաստանում:

Հավելենք նաև, որ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (EFSE) հիմնվել է KfW-ի (Գերմանիայի զարգացման բանկ) նախաձեռնությամբ և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ:

Հիմնադրամի գործունեությունը միտված է հարավարևելյան Եվրոպայի երկրներում տնտեսության և ընդհանուր բարեկեցության զարգացման օժանդակությանը:

Մեկնարկել է EFSE տարեկան հանդիպումը