.jpg)
Դել Պիերոն Իտալիայի հավաքականին տեսնում է եզրափակչում
Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեսսանդրո Դել Պիերոն կոչ է արել նվազեցնել իր երկրի ընտրանու վրա գործադրվող ճնշումն աշխարհի առաջնությունում և հույս է հայտնել, որ իտալացիները կկարողանան դուրս գալ եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Իտալիայի հավաքականը լավ տպավորություն է թողնում: Դեռ վաղ է այն մասին խոսելը, թե թիմը որքան առաջ կգնա: Հուսով եմ` կհասնենք մինչև եզրափակիչ, բայց հիմա պետք չէ ճնշում գործադրել ընտրանու տղաների և գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլիի վրա: Նրանք իրավունք ունեն հանգիստ պայմաններում աշխատելու:
Աշխարհի առաջնությունն առայժմ հետաքրքիր է: Շատ գոլեր են խփվում, իսկ ֆավորիտները հիմնականում պահում են իրենց կարգախոսը: Պրանդելլին իմ խորհուրդների կարիքը չունի: Նա ապացուցել է, որ կարողանում է թիմին ճիշտ պատրաստել խոշոր մրցաշարերին»,- նշել է Դել Պիերոն: