.jpg)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է միաբանական համագումարը
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարը` «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Համագումարին ներկա են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող 93 միաբաններից (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ) 75-ը: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Համագումարը բացվել է կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով: Համագումարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են նաև հավաքին մասնակից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Գուջանյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Հոգեշնորհ Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված միաբաններին հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը կարևորել է համագումարի անցկացումը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ և անդրադարձավ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած աղետալի կորուստներին, որի պատճառով 1.5 միլիոն հայություն մահվան դատապարտվեց, հայրենազրկվեց ազգը, կործանվեցին հազարավոր եկեղեցիներ, ոչնչացվեցին ազգային-մշակութային արժեքներ, խանգարվեց եկեղեցական ու ազգային կյանքը:
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ հաստատել է, որ հակառակ այդ ոճրագործության հայ ժողովուրդն առ Աստված ապավինությամբ, հավատով և հույսով ամենուր լծվել է իր կյանքի վերակերտմանը, համախմբվել է ազգային, եկեղեցական կառույցների շուրջ, արդար քրտինքով, տառապանքով դրել իր անկախ պետականության հիմքերը:
Այս համատեքստում անդրադառնալով հայ եկեղեցականի առաքելությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշել է. «Բազում են դժվարությունները, մեր ժողովրդի, պետության ու Եկեղեցու առջև ծառացած խնդիրները, սակայն մենք` որպես Քրիստոսին հավատացող ժողովուրդ, գիտենք հեռու վանել մեզանից վհատությունն ու թերահավատությունը, գիտենք հավատքով ու հույսով դիմագրավել բոլոր դժվարություններն ու փորձությունները: Եվ այս առաքելությունը ծանրացած է հայ եկեղեցականի ուսերին՝ ոգի ներշնչելու դժվարությունների մեջ մեր ժողովրդին, լավատեսություն պարգևելու, գոտեպնդելու, հավատքի հույսի լույսով շողացող ճանապարհների վրա առաջնորդելու մեր ժողովրդի զավակների կյանքը»:
Հայոց Հովվապետը հորդորել է միաբաններին, իբրև տերունական պատգամների ու պատվիրանների ճշմարիտ քարոզիչներ, հույսով, հավատքով ու լավատեսության ոգով գոտեպնդել աշխարհասփյուռ հայ ժողովրդին, օգնել հաղթահարելու կյանքի դժվարին իրավիճակները և ազգային միաբանությամբ առավել ամրապնդել մեր հայրերի իրականացած դարավոր տեսիլքը` հայոց անկախ պետականությունը, և կերտել հայության բարօր ու երջանիկ կյանքը:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, հաջողություն մաղթելով համագումարի աշխատանքին, վստահությամբ նշել է, որ անդրադարձը Հայոց Ցեղասպանության ավելի պիտի զորացնի միաբաններին` լավագույնս տեսնելու ուղիղ և ճշմարիտ ճանապարհը հայ եկեղեցականի առաքելության ազգային կյանքից ներս, և առավել կխանդավառի իրականացնելու իրենց հովվական ծառայության վեհ ու աստվածահաճո գործը:
Եռօրյա համագումարին քննարկվող նյութի շրջանակներում զեկույցներով հանդես կգան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը («Հայոց Մեծ Եղեռնի նահատակների սրբադասման հարցը»), Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը («Հայոց Եկեղեցին Մեծ Եղեռնի տարիներին»), ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն պ. գ. դ. Աշոտ Մելքոնյանը («Հայոց հայրենազրկության հարցը և պահանջատիրության իրավական հիմքերը»): Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Մայր Աթոռի հանձնախմբի քարտուղար Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը համագումարի մասնակիցներին կներկայացնի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի իրականացվելիք միջոցառումները: