Հայ բռնցքամարտիկը՝ հայրենիք գալու և այլազգի աղջկա հետ ամուսնանալու մասին
18/06/2014 18:20

Հայ բռնցքամարտիկը՝ հայրենիք գալու և այլազգի աղջկա հետ ամուսնանալու մասին

Միացյալ Նահանգներում ապրող քիք-բռնցքամարտիկ Մելսիկ Բաղդասարյանն օրերս հերթական պրոֆեսիոնալ մենամարտն անցկացրեց, որտեղ բարձր պահեց մեր երկրի պատիվը: ԱՄՆ-ում կայացած WCK International Showdown անունով մուայ թայի պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի ընթացքում 3 ռաունդանոց մենամարտում նա միավորների առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի՝ Չինաստանի ներկայացուցիչ Չեն Վեյ Չաոյի նկատմամբ: Life.panorama.am-ը բռնցքամարտիկի հետ զրուցել է տարած հաղթանակի, նրա ամենամեծ նպատակի, հայրենիք վերադառնալու և անձնական կյանքի մասին:

-Ձեր ունեցած վերջին մենամարտի մրցակիցը՝ չինաստանցի Չեն Վեյ Չաոն, բավականին ուժեղ էր, ինչպե՞ս հաջողվեց նրան հաղթել, նրա ո՞ր թույլ կողմից կառչեցիք:

-Իմ մրցակցի ուժեղ կողմը ոտքերն էին: Նա անակնկալի եկավ՝ տեսնելով, որ ոտքերով հարվածում եմ իրենից ուժեղ: Հենց այդկերպ էլ մրցակցիս նկատմամբ առավելության հասա:

- Գիտենք, որ ԱՄՆ-ն բռնցքամարտիկի համար նոր հնարավորություններ է բացում. այնուամենայնիվ, ո՞ր դեպքում կհամաձայնվեիք վերադառնալ հայրենիք և գործել այստեղ:

-Եթե լիներ ապագա, այդ դեպքում առանց մի վայրկյան մտածելու՝ կվերադառնայի հայրենիք, կլինեի իմ հայրենի հողում, ծնողներիս կողքին:

 -Բազմիցս հայկական եռագույնը ծածանել եք պրոֆեսիոնալ ռինգում, տեղի հայ համայնքը ինչպե՞ս է ձեզ դիմավորել, այդտեղ շա՞տ հայ երկրպագուներ ունեք:

- Միշտ հանդես եմ գալիս հայկական եռագույնի ներքո: Այո, այստեղ երկրպագուների բավականին մեծ բանակ ունեմ, շատ շնորհակալ եմ նրանց: Կուզենայի առանձնակի շնորհակալություն հայտնել Քեշիշյան եղբայրներին՝ ինձ աջակցելու և հովանավորելու համար:

-Որպես բռնցքամարտիկ՝ ո՞րն է առաջիկայի ձեր ամենամեծ նպատակը, այն բարձունքը, որին ձգտում եք:

-Իմ առաջնային նպատակն է՝ ցանկացած մենամարտի պատրաստվել լավ և հաղթանակ տանել: Այն բարձունքին հասնելը, որին ձգտում եմ, ժամանակի հարց է. ականատես կլինեք ինքներդ:

-Առաջիկայում ի՞նչ մենամարտի եք պատրաստվում, արդեն գիտե՞ք՝ ով է լինելու ձեր մրցակիցը:

- Շատ մենամարտեր են սպասվում, այս պահին հստակ օր չեմ կարող ասել:

- Աղջիկներն ինձ չեն ների, եթե չհարցնեմ՝ ընկերուհի ունե՞ք, այլազգի աղջկա հետ կամուսնանա՞ք:

-Ոչ, ընկերուհի չունեմ: Իհարկե, կուզենամ, որ նա հայ լինի, բայց, ինչպես ասում են, երբեք մի ասա՝ երբեք:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Երաժշտություն լսել և անդադար պարել (ծիծաղում է):

-Վերջին անգամ ե՞րբ եք եղել հայրենիքում, շա՞տ եք կարոտում Հայաստանը, ամենաշատն ի՞նչն եք կարոտում:

- Վերջին անգամ Հայաստանում եղել եմ մեկ տարի առաջ: Կարոտել եմ հայրենիքիս հետ կապված ամեն բան՝ ծնողներիս, ընկերներիս, մի խոսքով՝ բոլորին:

 

Հայ բռնցքամարտիկը՝ հայրենիք գալու և այլազգի աղջկա հետ ամուսնանալու մասին