Արաբագետ. Միշտ առկա է Թուրքիայի կողմից Քեսաբ նորից ներխուժելու վտանգը
18/06/2014 18:13

Արաբագետ. Միշտ առկա է Թուրքիայի կողմից Քեսաբ նորից ներխուժելու վտանգը

Սիրիական իշխանությունները մեծ անելիք ունեն ազատագրված Քեսաբի անվտանգության ապահովման հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ ընդգծելով, որ միշտ առկա է Թուրքիայի կողմից նոր ներխուժման վտանգ.

«Կառավարական ուժերը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, քանի որ այդ տարածքները ընդդիմադիրների ուշադրության կենտրոնում են ու շարունակելու են լինել: Պետք է ստեղծել անվտանգության որոշակի երաշխիքներ»,- ասաց արաբագետը՝ ավելացնելով, որ այս հատվածում պետք է ապահովել որոշակի կոնտինգենտի մշտական ներկայություն:

Ասուլիսի մյուս բանախոս, արաբագետ Հայկ Քոչարյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշակի օգնություն ցուցաբերի ազատագրումից հետո Քեսաբ վերադարձած ընտանիքներին.

«Այդ մարդիկ ամեն բան զրոյից են սկսելու և կարծում եմ, որ նրանք պետք է աջակցություն ստանան»,- ասաց Հայկ Քոչարյանը:

Նշենք, որ հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է ազատագրել Քեսաբ քաղաքը:

Հիշեցնենք՝ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում:

Նախորդող հրապարակում՝  Քեսաբն ազատագրվել է իսլամական զինյալներից
 

Արաբագետ. Միշտ առկա է Թուրքիայի կողմից Քեսաբ նորից ներխուժելու վտանգը