.jpg)
Ա. Վարդանյան. Կուտակայինն իրականում դառնալու է «պարտադիր և պարտադրված»
Սա քաղաքական պայքար է. կա ընդդիմություն, կա իշխանություն, և ամեն մեկն օգտվում է իր գործիքակազմից: Լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով քառյակի ԱԺ արտահերթ նիստին չգրանցվելու փաստը և նիստի տապալումը, այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Պատճառաբանելով իրենց քայլը` Ա. Վարդանյանն ասաց, որ նման քայլի դիմել են, քանի որ նախօրեին հնչել էր կարծիք, թե ընդդիմադիր պատգամավորները չեն հասցրել ծանոթանալ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացրած նախագծերին, որոնց քննարկումներին էլ նվիրված է այս արտահերթ նստաշրջանը:
Ինչ վերաբերում է կառավարության մշակած «կուտակայինի» նոր օրենքին, ապա ՀՅԴ պատգամավորն ասաց, որ այդ նախագծում քառյակի համար անընդունելի շատ դրույթներ կան.
«Նոր կառավարությունը ծրագրի ներկայացման ժամանակ պաշտոնապես Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք հանրության մեծ մասի համար ընդունելի կլինեն: Ասել էին՝ մենք քննարկումներ կկազմակերպենք և քաղաքական ուժերի, և հանրության հետ, որպեսզի գտնեն այնպիսի մոդել, որը մեծ մասը կընդունի: Բայց կառավարությունը խստումը չկատարեց»:
Շարունակելով խոսքը` Ա. Վարդանյանն ասաց, որ կառավարությունն ընդդիմությունից խնդրել էր մասնագետներ տրամարդել, ստեղծել աշխատանքային խումբ և ՀՅԴ-ն չորս հոգի էր ներկայացրել, բայց աշխատանքային խումբ չձևավորվեց, որևէ համատեղ աշխատանք ու քննարկում այդպես էլ չեղավ. «Ուղղակի վերջին օրերին կառավարությունը մեզ հրավիրեց ու տեղեկացրեց իրենց սցենարի մասին, իսկ սա նշանակում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» թևավոր արտահայտությունը իրականում դառնալու է «պարտադիր և պարտադրված»: Իսկ այդ մոտեցումը ուղղակի անընդունելի է: Եվ որ ամենակարևորն է` քառյակի համար անընդունելի է, որ նմանօրինակ օրինագիծն առանց քննարկման բերվել է Ազգային ժողով»:
Նախորդող հրապարակում` Քվորում չկար. ԱԺ նիստը տապալվեց