.jpg)
Անվտա՞նգ է արդյոք հայկական բանջարեղենը մեր օրգանիզմի համար
Վերջին տարիներին նկատվում է հիվանդացությունների ավելացում. Այս իրավիճակը ունի իր բացատրությունը: Երևի թե առաջին անգամ պատասխանում ենք` արդյոք անվտանգ են հայրենի բանջարաբոստանային կուլտուրաները, թե ոչ:
«Բանջարաբոստանային մշակաբույսերի բերքատվության բարձրացման նպատակով գյուղատնտեսության մեջ ազոտական պարարտանյութերի ոչ ճիշտ, մասնավորապես բարձր քանակություններով կիրառումը նպաստում է բերքի մեջ նիտրատների թույլատրված քանակներից ավելի կուտակմանը, ինչն իր հերթին մարդու օրգանիզմի վրա ունենում է բացասական ազդեցություն»:
Այս մասին Aysor.am-ին ասաց Առողջապահության նախարարության հիգիենայի և հակահամաճարակաբանական տեսչության սննդի բաժնի պետ Մարգարիտ Բաբայանը:
Նա նաև նշեց, որ տարիներ շարունակ նիտրատներով գերպարարտացված սննդամթերք օգտագործելիս՝ մարդու մոտ կարող է առաջանալ նիտրատների քրոնիկական թունավորման ախտանշաններ, օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, մետհեմոգլոբինեմիա և քաղցկեղ:
«Սննդի հետ մուտք գործելով օրգանիզմ՝ նիտրատներն արյան բաղադրության մեջ առաջացնում են փոփոխություններ՝ օգսիհեմոգլոբինը փոխակերպում են մետհեմոգլոբինի: Արյունն ի վիճակի չի լինում թոքերից թթվածինը տեղափոխելու դեպի հյուսվածքները, որի հետևանքով առաջանում է թթվածնային քաղց, ինչը կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Նիտրատների ուռուցքածին ազդեցությունը պայմանավորված է ազոտական պարարտանյութերից առաջացող նիտրոազոտամիններով»,- ասաց մասնագետը` հավելելով, որ դրանք դասվում են չարորակ նորագոյացություններ առաջացնող նյութերի շարքին և կարող են պատճառ հանդիսանալ մարդու մոտ ստամոքսի քաղցկեղի առաջացմանը:
«Նիտրատներով հարուստ սննդով երկարատև օգտագործումը բացասաբար է ազդում կանանց վերարտադրողական առողջության վրա, մասնավորապես հղի կանանց մոտ կարող է առաջացնել պտղի զարգացման խանգարումների»,- հաղորդեց Մ. Բաբայանը:
Նշենք, որ հայ ֆերմերները սովորաբար հողը պարարտացնում են ազոտական պարարտանյութերով, որը, ըստ ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ղեկավար Գայանե Սարգսյանի, ոչ միայն էժան է, այլև միակողմանի օգտագործումը բերում է մշակաբույսրեի մեջ նիտրատների քանակների ավելացման. Յուրաքանչյուր ֆերմերի հնարավոր չէ հսկել, որպեսզի պահպանի հողի պարարտացման անհրաժեշտ չափաքանակները:
Ըստ Գ. Սարգսյանի` հատկապես վտանգավոր են ջերմատներում աճեցված մշակաբույսերը, քանի որ փակ միջավայրում շատ պարարտանյութեր են օգտագործում նախ առատ բերք ստանալու համար, հետո՝ ջերմատներում մշակվում են ինտենսիվ սորտանմուշներ:
Առաջին անգամ ախտորոշումով բացահայտված հիվանդացության քանակը 2008թ-ին գրանցվել է 799.7, 2009թ-ին` 897.9, 2010թ-ին` 911.1, 2011թ-ին` 904.0, 2012թ-ին` 904.4 հազար հիվանդացության դեպք. գրեթե բոլոր հիվանդությունների գծով` արյան, միզասեռական, շնչառական, մկանային, ոսկրամկանային, չարորակ նորագայոցությունների և մի շարք այլ հիվանդությունների գծով ավելացում է նկատվում:
Մի փոքր նվազում է արձանագրվել հղիության, ծննդաբերությունների և հետծննդյան բարդությունների գծով:
Կարող ենք նշել, որ բացի տեղական բանջարեղենի կասկածելի բաղադրությունից, մարդկանց օրգանզիմի վրա բացասական ազդեցություն է թողնում ծխելը, ալկոհոլի չարաշահումը, շրջակա միջավայրը, ներկրվող, երբեմն շատ կասկածելի մսամթերքը, նաև տեղական արտադրության համային բարելավիչներով երշիկեղենը, «վիտամիններով» հացը, գունավորված ու գազավորված խմիչքները, ոչ առողջ ապրելակեպը, սննդի ոչ ճիշտ օգտագործումը, ժամկետանց սնունդը և մի շարք այլ պատճառներ: Պարզվում է` բավականին դիմացկուն ենք: