.jpg)
«ՖՐԵՍԿՈ». Լսելի է նաև խուլերի համար
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը ակտիվորեն աշխատում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես երիտասարդների հետ: Փառատոնի կամավորների թվում քիչ չեն լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները, ովքեր փառատոնի կազմակրեպիչ «Ֆորմիկա արտ պրոդաքշն» ստուդիայի հետ աշխատում են արդեն մի քանի տարի: Փառատոնն իրավամբ նրանց հասանելի դարձնելու համար կազմակերպիչները նախատեսել են կինոդիտումներն անցկացնել ժեստերի լեզվի համաժամանակյա թարգմանությամբ:

Թարգմանությունը կիրկանացնի ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը: «Ժեստերի լեզուն իմացող խուլերի համայնքը իրեն հաշմանդամ է զգում միայն այն դեպքում, երբ չեն լսում ու արտահայտվում, այսինքն` զրկված են ժեստերի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունից»,- բացատրում է ողջ կյանքը լսողության խանգարումներ ունեցող մարդկանց հետ աշխատող Զուբեյդա Մելիքյանը:

Նա նշում է, որ խուլերի համայնքի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են ընդունել ֆիլմերի թարգամության նախաձեռնությունը. «Նրանք էլ են ուզում ֆիլմ նայելիս ոչ թե գուշակություններ անել, այլ հասկանալ ֆիլմն ամբողջությամբ: Հասկանալ ու նաև իրենց կարծիքը հայտնել տեսածի ու զգացածի վերաբերյալ: «Ֆրեսկոն», կարծում եմ, նրանց կտա այն զգացողությունները, որոնց պակասը նրանք հաճախ են առօրյա կլյանքում զգում»:

«Երբ իմացա, որ Տեր Եսային և Շահենը մեծ միջոցառում են անելու, որը նաև մեզ համար է նախատեսված լինելու, որոշեցի անպայման ներգրավվել նախապատրաստական աշխատանքներում և իմ լուման ունենալ այս մեծ տոնի կազմակերպման գործում»,- ժեստերի լեզվով ասում է Գրետա Ավագյանը:
Խուլերի համայնքի ներկայացուցիչներն այս օրերին կարևոր ստեղծագործական գործընթացում են. նրանք սովորում են հատուկ փառատոնի համար գրված հիմներգի բառերը:

Հիշեցնենք, որ «Ֆրեսկո» միջազգային փառատոնի մեկնարկին մնացել է ընդամենը 2 օր: Հատուկ փառատոնի համար գրվել է հիմն, որի հեղինակը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն է, կատարում է Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Փառատոնի բացման արարողության ժամանակ երգի կատարմանը մասնակցելու են նաև լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները՝ ներկայացնելով այն ժեստերի լեզվով: