ԵԱՀԿ-ն սահմանագծի դիտարկում է անցկացրել Տավուշի մարզում
19/06/2014 18:25

ԵԱՀԿ-ն սահմանագծի դիտարկում է անցկացրել Տավուշի մարզում

Հունիսի 17-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Նախքան դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում Տավուշի մարզպետ Հովհաննես Աբովյանը ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացրել սահմանամերձ գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակը, մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը` մշտապես կրակի տակ պահելով սահմանամերձ գոտում գտնվող արոտավայրերն ու դաշտերը:

Այնուհետև ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, ինչպես նաև շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող այլ հարցեր:
Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում հայկական կողմից դիտարկումը անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Իրժե Աբերլիեն, իսկ ադրբեջանական կողմից` Քրիստո Քրիստովը և Պիտեր Սվեդբերգը:

Դիտարկումն անցկացվել է տեսողական շփման միջոցով, քանի որ Ադրբեջանը կրկին հրաժարվել է սահմանը հատելու և երկկողմ շփում անցկացնելու առաջարկից:

Հայ-ադրբեջանական սահմանագծում կայացած դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի արձանագրվել: 

ԵԱՀԿ-ն սահմանագծի դիտարկում է անցկացրել Տավուշի մարզում