Առաջին դասարանը լուծարվում է դպրոցը դեռ չավարտած
20/06/2014 21:04

Առաջին դասարանը լուծարվում է դպրոցը դեռ չավարտած

Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում կրքեր են թեժանում: Բանն այն է, որ դպրոցի 1-ին Բ դասարանը լուծարվում է, ինչը դժգոհություններ է առաջացրել դասարանի աշակերտների ծնողների մոտ:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ծնողները պատմեցին, որ առանց այդ էլ դժգոհությունները շատ են. դեռ նախորդ տարվանից դասարանը արդեն մի քանի անգամ փոխել է դասվարին: «Առաջին օրը երեխաներին դիմավորեց մի ուսուցիչ, և մենք կարծեցինք, թե նա պետք է դասավանդի: Հետո պարզվեց, որ այդ ուսուցչուհին ժամանակավոր է: Սկզբում շատ վրդովվեցինք, բայց ժամանակի ընթացքում համակերպվեցինք: Շաղյանին փոխարինելու եկավ մեկ այլ ուսուցչուհի, ով տարիքով ավելի երիտասարդ էր»,- մանրամասնեց ծնողներից մեկն, ով խնդրեց անունը չհրապարակել:

Նա նշեց, որ ի սկզբանե դասարանի ծնողները դեմ են եղել Շաղյանին, քանի որ տեղեկացել էին, որ միևնույն ժամանակ նա դասավանդում է երկու տարրական դասարաններում: «Ինձ համար շոկ էր, որ դասարանը պետք է նոր ուսուցչուհի վերցնի, ով տարիքով ավելի երիտասարդ էր, սակայն այդ մտքի հետ ևս ժամանակի ընթացքում հաշտվեցինք: Նոր ուսուցչուհուն էլ ընդունեցինք, սիրեցինք, հարգեցինք, բայց այսօր կանգնել ենք փաստի առաջ. դասարանը հանձնում են մի նոր ուսուցչի», -շարունակեց ծնողը՝ հավելելով, որ դասարանի լուծարման մասին իրենք տեղեկացել են ոչ թե դպրոցի տնօրինությունից, այլ շրջանառվող շշուկներից:

Ծնողները պնդում են, որ խնդիրը ոչ թե դասարանի լուծարումն է, այլ տնօրեն-ուսուցիչ-ծնող հարաբերությունները, որոնք, ըստ էության, դուր չեն եկել դպրոցի տնօրենին: «Դասարանի լուծարման մասին լուրերը դեռ վաղուց են պտտվում: Մի կերպ ժամանակը ձգձգվեց մինչև մայիս ամիս՝ այբբենարանի հանդես: Հանդեսից հետո որոշեցինք գնալ Օշական, որտեղ էլ տեղեկացանք, որ մեր ուսուցչուհին պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում գրել, բայց ոչ թե իր կամքով, այլ պարտադրանքով»,- մանրամասնեց նա` շարունակելով, որ դպրոցի տնօրինությունը ուսուցչուհուն կանչել է ու խրատել, որ ուսուչուհին ծնող-ուսուցիչ հարաբերությունները շատ են ջերմացնում: «Դպրոցի տնօրինությունը մտահոգված է եղել, որ ուսուցչուհին մեզ տեղյակ կպահի դպրոցի ներքին խոհանոցի մասին, սակայն մեզ դա չէր հետաքրքրում և չի էլ հետաքրքրել երբևէ: Մենք սիրում էինք ազատ օրերին հետաքրքիր ժամանց կազմակերպել՝ քաղաքից դուրս գնալ, թատրոն-կինո հաճախել, քեֆեր կազմակերպել և այլն: Մեզ բացարձակ հետաքրքիր չէ, թե տնօրենն ինչ արեց, ում ընդունեց և ինչ ասաց»,- պատմեց ծնողը:

Դասարանի ծնողները պնդում են, որ դպրոցի տնօրենի վրդովվմունքի պատճառ է դարձել նաև ֆոնդի գումարը, որ նրանց խոսքով՝ մի փոքր ուշացրել են: «Ամիսը 500 դրամ գումար էին հավաքում, բայց մենք չէինք տալիս: Մեր դասվարը գիշերով զանգահարեց, խնդրեց, որ տանենք առավոտյան մուծենք ու կտրոնը հանձնենք դպրոցի տնօրինությանը: Առավոտյան տարել ենք 8000 դրամ մուծել ու կտրոնը հանձնել ենք տնօրենին, սակայն դրանից հետո էլ նորից կոնֆլիկտ է հասունացել դպրոցի տնօրինության և ուսուցչուհու միջև: Հենց այդ ընթացքում հայտարարեցին, որ դասարանը լուծարվում է, որ Ն. Ղազանչյանը  այլևս չի կարող դպրոցում աշխատել: Մինչ այդ՝ ասում էին, որ մյուս դասարաններից մեկը պետք է միանա մեր դասարանին, որտեղ մեր դասվարը կդասավանդի: Քանի որ այն դասարանի ծնողները դեմ էին, իսկ մեր ուսուցչուհին՝ նորաթուխ, որոշեցին այս դասարանը լուծարել՝ մեր կարծիքը հաշվի չառնելով»,- նշեց ծնողներից մեկ ուրիշը:

Եվ քանի որ ծնողների կարծիքը դպրոցի տնօրինությունը որոշել է հաշվի չառնել, դասարանի ծնողներն էլ որոշել են միասնական լինել ու երեխաներին ուրիշ դպրոց տեղափոխել: Ծնողներից մեկը պատմեց, որ մի քանի օր գնացել են դպրոց, բայց միայն երկու օր առաջ է դպրոցի տնօրենը որոշել իրենց ընդունել, այն էլ՝ համոզելու համար, որ երեխաներին դպրոցից չհեռացնեն:

«Հանդիպման ընթացքում խոստացավ, որ մեզ լավ ուսուցչուհի կտրամադրի, բայց մենք չենք հավատում այդ խոստումներին: Անձամբ՝ ինքս չեմ ուզում, որ իմ երեխան այստեղ, այս պայմաններում սովորի: Ես վստահ եմ, որ մեր դասվարին ստիպել են, որ նա ինքնակամ դիմում գրի ու աշխատանքից ազատվի: Մեզ ոչ մի հիմնավոր բացատրություն չի տրվում, թե ինչու են մեր ուսուցչուհուն աշխատանքից ազատում: Արդարացի չէ՝ մի ուսուցչուհուն աշխատանքից ազատելը, իսկ մյուսին՝ միաժամանակ երկու դասարան տրամադրելը»,- վրդովվեց նա:

Ծնողները վստահ են, որ այս ամենը դպրոցի տնօրենը ինքնակամ չէր կարող նախաձեռնել: Վերևներից, վերևներից են թելադրել...Նրանց հավաստմամբ՝ տնօրենը նույնպես գոհ է եղել ուսուցչուհի Ղազանչյանի աշխատանքից: «Մեզ հետ հանդիպման ժամանակ էլ շեշտեց, որ ծնողները ուսուցչուհու հետ հարաբերությունները շատ են ջերմացրել: Պատճառաբանում են, թե ուսուցչուհին ծնողներին նկատողություն չի անում: Դասարանի լուծարվելու մասին անգամ տեղեկացել ենք ասեկոսեներից: Տնօրենն ասում է, թե դասարանի լուծարելու մասին վերևներից են հրամայում»,- շեշտեց ծնողը:

Դիտարկմանը՝ տնօրենը ո՞ւմ նկատի ունի վերևներից, ծնողն ընդգծեց՝ քաղաքապետարանին:

Ծնողը վրդովված է. առանց այդ էլ դպրոցում աշակերտ չի մնացել, հաջորդ ուսումնական տարի դպրոցը կունենա միայն 1 երկրորդ դասարան: «Ես ուզում եմ, որ իմ երեխան երրորդ դասարանն ավարատի իր առաջին ուսուցչուհու հետ: Ոչ թե նկարով տեսնի միկին, դասավանդի մեկ ուրիշը և ավարտի այլ ուսուցչուհու հետ: Դպրոցի տնօրենի հետ հանդիպման ընթացքում պնդեցինք, որ մեր ուսուցչուհուն հետ վերնցի, սակայն հրաժարվեց, նշելով, թե պահելու համար փող չունի, իսկ դպրոցում դասավանդելու համար ուսուցչուհին արդեն հրաժարվել է»,- մանրամասնեց նա:

Մենք զրուցեցինք նաև 1-ին Բ դասարանի արդեն նախկին դասվար Նելլի Ղազանչյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ դպրոցի տնօրինությունը հիմնականում պատճառաբանում է, որ դասարանը լուծարվում է, սակայն պարտադրում է, որ ինքը աշխատանքից ազատման դիմում ներկայացնի.

«Սկզբում գոնե ուզում էին դասաժամեր հատկացնել ինձ, որ կրճատման տակ չընկնեմ, բայց հիմա դա էլ չեն առաջարկում: Որպեսզի չկրճատեն, ինձ ստիպում են իմ դիմումի համաձայն աշխատանքից ազատվեմ: Ընդունվել եմ այդ դպրոցում աշխատանքի 2013 թվականի հոկտեմբերի 11-ից, մրցույթային կարգով: Լարվածություն մեր միջև չի եղել, բայց աշնանային արձակուրդից հետո մեր հարաբերությունները տնօրենի հետ փոխվեցին: Նոյեմբեր ամսից ինձ ստիպում են, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ: Ինձ ոչ մի հաստակ բան չեն ասել դասարանի լուծարվելու մասին: Ես պատրաստ էի մնալ դպրոցում, աշխատել այն երեխաների հետ, որոնց այդքան շատ եմ սիրում: Անգամ համաձայն էի, որ դասարանը միաձուլվեր մյուս դասարանի հետ: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում և մտադիր չէի իմ աշխատանքից հրաժարվել: Բայց իմ առջև պայման են դնում և ես չեմ կարող այլևս այստեղ աշխատել: Ինձ ներկայացրել են մի դիմում՝ առանց ամիս-ամսաթվի, որի տակ ես պետք էի ստորագրեի: Արդեն ստորագրել եմ այդ դիմումը և ես այստեղ չեմ պատրաստվում այլևս աշխատել»,- հավելեց ուսուչուհին:

Մենք փորձեցին նաև մեկնաբանություններ ստանալ դպրոցի տնօրեն Նելլի Երիցյանից, ով սակայն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, մինչև չներկայացնենք քաղաքապետարանի թույլտվությունը: Նա նախ զարմացավ, երբ իմացավ, որ հարցին միջամտում են լրագրողները, իսկ հետո պնդեց, որ մենկաբանություններ կարող է տալ, միայն քաղաքապետարանի թույլտվության առկայության դեպքում:

Ի դեպ, երբ մենք հեռանում էինք դպրոցից՝ պատահաբար լսեցինք, թե ինչպես էր նա դպրոցի պահակի վրա բարկանում, որ լրագրողին թույլ է տվել մտնել դպրոցի տարածք:

Պարզաբանումներ ստանալու համար մենք դիմեցինք նաև Երևանի քաղաքապետարան, և այնուամենայնիվ՝ մեր հարցերին պատասխանեց ոչ թե դպրոցի տնօրենը, այլ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով վստահեցրեց, թե դպրոցի տնօրինությունը և քաղաքապետարանը քննական շրջանում լրագրողներին թույլ չեն տալիս մտնել քննական տարածք՝ հատկապես քննական օրերին: «Տնօրենը չէր կարող ձեր հարցերին պատասխանել, քանի որ այդ օրը քննական օր էր: Քննական օրերին մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որ լրագրողները մտնեն քննական տարածք: Ինչ վերաբերում է ուսուցչի և տնօրինության միջև ծագած խնդրին, ապա դա մի ամբողջ գործընթաց է, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

Գ. Սողոմոնյանը ևս պնդեց, թե դասարանը լուծարվում է աշակերտների անհրաժեշտ թվաքանակի բացակայության պատճառով: «Դասարանում անհրաժեշտ քանակով երեխաներ չկան: Եվ որևէ մեկն ուսուցչուհուն չի ասել, թե աշխատանքից ազատման դիմում գրի: Նա իր դիմումը գրել է ինքնակամ և որևէ պարտադրանք չի եղել, ավելին՝ որևէ լարվածություն նրանց միջև չի եղել: Մենք չենք կարող ֆինանսավորել 15 աշակերտից բաղկացած դասարանի: Անգամ մյուս դասարանին միանալով դասարանում չի ապահովում անհրաժեշտ թվաքանակը: Ինչ վերաբերում է ուսուցչուհուն՝ ապա թեև այդ ուսուչուհուն տնօրենը շատ է հավանում, բայց իր նախապատվությունը տվել է այն ուսուցչուհուն, ով ավելի փորձառու է, ով 25 տարվա աշխատանքային ստաժ ունի: Տնօրենը Ղազանչյանին ասել է, որ պետք չէ շտապել, սակայն նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե աշխատանք է ուզում գտնել որևէ այլ դպրոցում: Ես տնօրենի հետ անձամբ եմ խոսել, և նա ինձ ներկայացրել է այդ ամբողջ պատմությունը: Ես հավաստիացնում եմ, որ այստեղ որևէ օրենքի խախտում, ուսուցչի նկատմամբ պարտադրանք, լարվածություն դպրոցի տնօրինության և ուսուցչի միջև չի եղել»,- մանրամասնեց նա:

Ի դեպ՝ նշենք նաև, երբ մենք փորձում էինք պարզաբանում ստանալ դպրոցի տնօրենից, նա գտնվում էր ոչ թե քննական սենյակում, այլ իր աշխատասենյակում: Ավելին՝ այդ ընթացքում դպրոցում քննություններ չէին ընթանում, իսկ տնօրենը իր սենյակում դպրոցի ուսուցիչների հետ միասին «մինի» քննարկում էր կազմակերպել, որտեղ խոսում էին հենց այս հարցի շուրջ: Բացի այս՝ այդ օրը դպրոցի տնօրենը ժամը 11-ից իր մոտ էր հյուընկալել դասարանի ծնողներին, որոնց հետ խորհրդակցություն էր անցկացնում:
 

Առաջին դասարանը լուծարվում է դպրոցը դեռ չավարտած